Մեծ Բրիտանիայում հազվագյուտ արծաթագույն աղվես է հայտնաբերվել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Չեշիր կոմսության այգիներից մեկում հազվագյուտ արծաթագույն կամ արծաթափայլ սև աղվես է հայտնաբերվել, որի մասին այժմ հոգ է տանում Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխման թագավորական միությունը, հաղորդում է Fox News-ը:
Յուրահատուկ աղվեսին անվանել են Շեդոու: Մասնագետները ենթադրում են, որ այն ընտանի կենդանի է, քանի որ ունի շատ մեղմ բնավորություն: Անասնաբույժները զննել են կենդանուն, սակայն առողջական որևէ խնդիր չեն հայտնաբերվել: Նշվում է միայն, որ աղվեսը մի փոքր գիրուկ է:
Մասնագետների խոսքով՝ արծաթագույն աղվեսները հասարակ աղվեսներից տարբերվում են միայն մորթու արտասովոր երանգով: Դրանք, ինչպես և հասարակ աղվեսները, ամենակեր են և կարող են սնվել ինչպես կրծողներով, նապաստակներով և այլ մանր կենդանիներով, այնպես էլ հատապտուղներով ու խոտաբույսերով: