Հյուսիսային և Հարավային Կորեաները սկսել են ապամոնտաժել ընդհանուր սահմանին տեղակայված դիրքերը
Հյուսիսային և Հարավային Կորեաները սկսել են
երկու երկրների սահմաններին տեղակայված 20 դիրքերի ապամոնտաժումը: Ավելի
վաղ այնտեղից դուրս են բերվել զինվորները և ռազմական տեխնիկան:
Այս մասին գրում է DW-ն: Դրանով կորեական երկու պետություններն իրականացնում են
հոկտեմբերի վերջին կնքված համաձայնագիրը: Դրա համաձայն՝ ապառազմականացված
բուֆերային գոտուց պետք է յուրաքանչյուր կողմից տասը դիրք ապամոնտաժվի,
այնտեղ կմնա մեկական դիրք:
Նշվում է, որ Հյուսիսային Կորեան 250 կմ ձգվող սահմանի երկայնքով շուրջ
160 սահմանային դիրք ունի, իսկ Հարավային Կորեան՝ շուրջ 60: Նպատակն է
բոլոր դիրքերի ապամոնտաժումը:
Միակ վայրը, որտեղ զինվորները դեմ առ դեմ կկանգնեն, Փհանմունջոմ գյուղն է. այստեղ երկու երկրների միջև բանակցություններ են ընթանում: