«Նռան հատիկ» սերիալի «դերասան Ռազը» Չարբախում վեճի ժամանակ սպանել է բանգլադեշցի Գոռին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվեց Ռազմիկ Հովհաննիսյանի գործի դատական քննությունը:
23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի մայիսի լույս 4-ի գիշերը՝ ժամը 00:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրակի փողոցի 62/3 հասցեում գործող ավտոլվացման կետի դիմաց Ռազմիկ Հովհաննիսյանը «գումարային պարտք ու պահանջի հարցի շուրջ» վիճել է իր ծանոթ, 26-ամյա բանգլադեշցի Գոռ Գ.-ի հետ:
Ըստ մեղադրանքի՝ վիճաբանության ժամանակ Գոռը հայհոյել է Ռազմիկի ծնողների հասցեին, ինչի պատճառով Ռազմիկ Հովհաննիսյանը Գոռին կյանքից զրկելու դիտավորությամբ մեկսայրանի շեղբ ունեցող ծակող-կտրող առարկայով երեք անգամ հարվածել է Գոռի գլխին, կրծքավանդակի ու որովայնի ձախ մասերին:
Գոռի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ գլխի ձախ կեսի կտրած վերք, կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող վերք և որովայնի ձախ կեսի թափանցող ծանր վերք, որն իր ընթացքով վնասել է որովայնի ուղիղ մկանի փակեղները, ուղիղ մկանը, որովայնամիզը, մեծ ճարպոնը, բարակ աղու գալարները, որովայնային աորտան և ուղեկցվել է ներքին առատ արյունահոսությամբ:
Գոռ Գ.-ին դանակով հարվածներ հասցնելով՝ Ռազմիկ Հովհաննիսյանը դիմել է փախուստի:
Գոռ Գ.-ի արնաշաղախ մարմինը հայտնաբերվել է Կարմիր բլուր 2-րդ փողոցում:
Բուն դանակահարության պահը ֆիքսվել է դանակահարության վայրում գտնվող տեսախցիկի կողմից: Դանակահարությունից հետո Գոռը որոշ տարածություն վազել է, փորձել է փրկություն գտնել, բայց տապալվել է գետնին ու մահացել է…
Ռազմիկ Հովհաննիսյանը հայտնաբերվել է, նա իրավապահներին ներկայացել է որպես դերասան, ասել է, թե նկարահանվել է մի քանի սերիալներում: Մասնավորապես էպիզոդիկ բացասական կերպարի դերում նկարահանվել է «Նռան հատիկ» սերիալում: