Մոնակոյում կալանքից ազատված ռուս միլիարդատերը վերադարձել է Մոսկվա
Ռուս գործարար, «Մոնակո» ֆուտբոլային ակումբի նախագահ Դմիտրի Ռիբոլովլևը, որին Մոնակոյի իշխանությունները մեղադրանք էին առաջադրել կոռուպցիայի գործով, ներկայում Մոսկվայում է գտնվում:
Ինչպես հայտնում է Коммерсантъ-ը, Ռիբոլովլևի ներկայացուցիչ Դմիտրի Չեչկինը տեղեկացրել է, որ գործարարն ազատ է արձակվել գրավի դիմաց և ոչ թե երկրից դուրս չգալու ստորագրությամբ: Նրան չեն արգելել հեռանալ Մոնակոյից, նրա նկատմամբ դատական վերահսկողություն է սահմանվել, որի շրջանակներում նրան չի թույլատրվում հանդիպել գործով անցնող անձանց հետ: Նա պետք է ծանուցման դեպքում ներկայանա հարցաքննության, ինչպես նախկինում:
Հիշեցնենք, որ գործարարին Մոնակոյում ձերբակալել են նոյեմբերի 6-ին, իսկ հաջորդ օրը նա ազատ է արձակվել: Նրան կասկածում են իրավապահ մարմիններում իր կապերի օգտագործմամբ հանրահայտ գործակատար Իվ Բուվիեի նկատմամբ դատական հետապնդման հասնելու մեջ, որից նա տարիներ առաջ արվեստի գործեր էր ձեռք բերել՝ իր կարծիքով չափից բարձր գնով: