Նազարբաևը խոստովանեց Հայաստանի դեմ դավադրությունը
«Ժամանակը» գրում է. «Աստանայում նախօրեին տեղի ունեցած ՀԱՊԿ վեհաժողովում, փաստորեն, հաստատվեց տեղեկությունը, որ ՀԱՊԿ առնվազն որոշ անդամներ մտադիր են չշարունակել գլխավոր քարտուղարի պաշտոնի հայաստանյան քվոտան և առաջարկում են այն փոխանցել Բելառուսին, որը հաջորդն է ըստ այբբենական կարգի: Այդ մասին բարձրաձայնել է հյուրընկալող Նուրսուլթան Նազարբաևը՝ բերելով հիմնավորում, թե Հայաստանի քվոտային, միևնույն է, մնացել է մեկ տարի, և նոր քարտուղարը չի հասցնի նույնիսկ անցնել անդամ բոլոր երկրներով՝ լիարժեք աշխատանք սկսելու համար:
Առաջին հայացքից, իհարկե, Նազարբաևի բացատրությունը թվում է հիմնավոր: Մյուս կողմից՝ դատելով ՀԱՊԿ, այսպես ասած, իրական բնույթից, ուղղակի ծիծաղելի է հնչում «գլխավոր քարտուղարի լիարժեք աշխատանք» արտահայտությունը:
Կազմակերպությունն ինքը, ըստ էության, ֆորմալություն է ավելի շատ, քան ռազմաքաղաքական դաշինք, ըստ այդմ՝ դրա գլխավոր քարտուղարի պաշտոնը առավել ևս ֆորմալ պաշտոն է՝ դարձյալ ըստ էության:
Ակնառու է, որ Նազարբաևի բացատրությունն ավելի շատ պատրվակ է քվոտան Հայաստանին չթողնելու: Մյուս կողմից՝ ասել, թե դա, այսպես ասած, պատիժ է Խաչատուրովի գործի համար, որ իբրև թե Հայաստանը խաղացել է կազմակերպության հեղինակության հետ, հազիվ թե լինի իրականությանը մոտ: Ի վերջո՝ ՀԱՊԿ հեղինակություն ասվածն էլ ֆորմալություն է, էլ չասած այն մասին, որ այդ հեղինակության հետ իրականում խաղացել են նույն Ղազախստանը, Բելառուսն ու Ռուսաստանը՝ Ադրբեջանի հետ իրենց սերտ գործակցությամբ, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում և այն քաղաքական հարցերում, որոնք ակնհայտորեն ոտնահարել են Հայաստանի դաշնակից անդամի շահը:
Դրանից հետո ՀԱՊԿ հեղինակություն ասվածը պարզապես երևակայություն է, և Հայաստանը եթե վնասել է, ապա երևակայական ինչ-որ բան»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: