ՀԱՊԿ անդամ երկրները անհրաժեշտ են համարում ՄՓՀՀՊ–ն պահպանել. Լավրով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները հանձնառու են Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի պահպանման շուրջ ընդհանուր դիրքորոշմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ–ը։
«Այո, իհարկե, մենք երեկ քննարկել ենք այս հարցը արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։ Մանրամասն քննարկել ենք։ Մենք ընդհանուր դիրքորոշում ունենք, համաձայն որի՝ պայմանագիրը (ՄՓՀՀ) միջազգային անվտանգության եւ կայունության կարեւորագույն գործիքներից է եւ դրա պահպանումը կարեւոր է»,–ասել է Լավրովը լրագրողներին։
Նա հիշեցրել է, որ համապատասխան հայտարարությունն ընդունվել է ամռանը Ալմա Աթայում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի ժամանակ։ Դրանում նշվում էր, որ ՄՓՀՀՊ–ն խախտում է ԱՄՆ–ն, այն ժամանակ, երբ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը ամբողջությամբ կատարում են համաձայնագիրը։
«Այսօր քննարկման ենք դնում պետության ղեկավարների հռչակագրի նախագիծը, որն ամբողջությամբ ընդգրկում է մեր կազմակերպության իրավասության բոլոր ոլորտները եւ դրանում հատուկ կետ կա այդ պայմանագրի կենսունակությունը պահպանելու անհրաժեշտության մասին»,–հավելել է ԱԳ նախարարը։