Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի վրա ամպեր են կուտակվում
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի վրա, կարծես, ամպեր են կուտակվում: Հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նոյեմբերի 6-ին իր հետ կապ են հաստատել մարզպետարանի առողջապահության վարչությունից եւ տեղեկացրել օպտիմալացման կառավարական ծրագրի մասին, որը կարող է առնչվել նաեւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցին: Բուժանձնակազմի համար այս նորությունը պարզ երկնքում ամպրոպի էր նման:
Չիլինգարյանը շեշտեց, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը մարզային նշանակություն ունի եւ ամեն տարի սպասարկում է մինչեւ 800-900 մարդու: Հիվանդանոցում գործում է երկու բաժանմունք՝ տուբերկուլյոզային եւ ինֆեկցիոն, աշխատակիցների ընդհանուր թիվն է 48:
Վանաձորում նախատեսվում է նոյեմբերի 10-ին նոր բժշկական կենտրոն բացել, որում կգործի ինֆեկցիոն բաժանմունք՝ ընդամենը 15 մահճակալով: Ինչպես նշվեց, այս հանգամանքը թույլ չի տա ինֆեկցիոն հիվանդների բուժսպասարկումն իրականացնել այն նույն ծավալով, ինչ ծավալով կատարում էր Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը:
Դրանից բացի, ծագում են նաեւ կարանտինային գոտու ապահովման հարցեր՝ հաշվի առնելով, որ բժշկական կենտրոնում, բնականաբար, գործելու են նաեւ այլ բաժանմունքներ: «Սա միանգամայն սխալ մոտեցում է՝ բժշկական կենտրոնի մեջ ինֆեկցիոն բաժանմունք բացելը»,- հայտարարեց տնօրենը:
Չիլինգարյանն ընդգծեց, որ ոչ ոք օպտիմալացման հարցերը չի քննարկել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմի հետ: «Մեզ ոչ մի բանի մասին չեն տեղեկացրել: Մենք սոսկ գիտենք, որ այս հարցով դեռեւս վերջնական որոշում չի կայացվել: Մեր հաջորդ քայլերը կախված կլինեն մարզպետի դիրքորոշումից»,- հավելեց նա:
Միաժամանակ, Լոռու մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Հրայր Հակոբյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը չի փակվի: Նրա խոսքով՝ նոր բժշկական կենտրոնում չեն ապահովվել ինֆեկցիոն բաժանմունքի աշխատանքային պայմանները. չկա առանձին կոյուղի եւ քլորի կայան: «Մինչեւ այս հարցերի լուծումը, մենք չենք կարող խոսել առավել կոնկրետ քայլերի մասին: Առայժմ զանազան տարբերակներ են քննարկվում»,- հայտարարեց Հակոբյանը: