«Ամեն բան կախված կլինի Փաշինյանից». ռուսական «Коммерсантъ»-ը՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման մասին
Այսօր վերջապես կարող է լուծվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված ինտրիգը, դրան վերջակետ պետք է դնեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարները, որոնք պետք է Ղազախստանում որոշեն, թե ով ու որքան ժամանակով կդառնա ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար: Այդ մասին գրում է ռուսական «Коммерсантъ» պարբերականը՝ «ՀԱՊԿ-ը սկսել է մտորել սկզբունքների շուրջ» վերնագրով անդրադարձում:
Եթե այսօր ՀԱՊԿ երկրների առաջնորդները որոշեն հերթը փոխանցել Բելառուսին՝ նոր գլխավոր քարտուղար կդառնա այդ երկրի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը:
Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի տվյալների, ՀԱՊԿ-ում հարց է առաջացել, թե ինչ սկզբունքով է պետք նոր գլխավոր քարտուղար նշանակել, եթե նախորդը դադարեցրել է իր լիազորությունների կատարումը սահմանված ժամկետից շուտ:
Հայտնի է, որ հայկական կողմը հակված է հարցի լուծման այլ տարբերակի՝ հաշվի առնելով, որ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այս պաշտոնում գործել է նախատեսված 3 տարուց միայն մեկուկեսը, հետևաբար՝ ՀՀ նոր ներկայացուցիչը կարող է շարունակել պաշտոնավարել մնացյալ մեկուկես տարվա ընթացքում:
«Ամեն բան կախված կլինի (ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ) Փաշինյանից, դեռ երկուշաբթի նա անդրդվելի էր»,- «Коммерсантъ»-ի հետ զրույցում նշել է գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ բանակցություններին մասնակցած դիվանագետը, որի անունը չի բացահայտվում:
Հնարավոր է՝ մինչև 2020 թվականի մայիս կազմակերպության գլխավոր քարտուղար մնա ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: