Ռուս սահմանապահները սահմանախախտների հերթական խմբին են ձերբակալել
ՀՀ–ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատի աշխատակիցները նոյեմբերի 7-ին հայ–թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ ձերբակալել են 4 անհայտ անձանց, նրանց մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել։
ՀՀ–ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով սահմանախախտները Հնդկաստանի քաղաքացիներ են։ Նրանք իրենց հետ ունեցել են ուսապարկեր՝ անձնական իրերով ու դրամական միջոցներով։
Բացատրություններից պարզ է դարձել, որ սահմանախախտները կյանքի ավելի լավ պայմաններ որոնելիս եկել են Հայաստան հետագայում Թուրքիայի տարածքով Եվրոպական միության երկրներ գնալու նպատակով։
Ձերբակալված քաղաքացիները փոխանցվել են իրավապահ մարմիններին դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։