Արտահերթ ընտրությունների դրական եւ բացասական հետեւանքները
Այսօր «Ազատ միտք եւ ազատ խոսք» հկ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում, որի մասնակիցներն անդրադարձան արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում ստեղծված իրավիճակին, արտահերթ ընտրություններին, ինչպես նաեւ անդրադարձան այն հարցին, թե ինչպիսին է լինելու քաղաքական դաշտը դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններից հետո:
Բանախոսները՝ «Այլընտրանքային նախաձեռնություններ խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, ՀՀ սոցապ նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը հանգամանալից անդրադարձան առկա իրավիճակին եւ ընդգծեցին խորհրդարանական արտահերթ ընտրությունների դրական եւ բացասական կողմերը:
Մասնավորապես, Վահե Հովհաննիսյանը շեշտեց, որ դեկտեմբերի 9-ով ավարտվում է մի փուլ, որը սկսվել էր մայիսի 8-ին: Նա ընդգծեց, որ այս ընտրություններում հաղթելու է մթնոլորտը, այն մթնոլորտը, որը ձեւավորվեց ամիսներ առաջ, եւ որի արդյունքում մեծ թվով գործիչներ դուրս են մնալու Ազգային ժողովից: «Իսկ հեղափոխությունը վերածվելու է խորհրդարանական խմբակցության»,- ասաց նա:
Վահե Հովհաննիսյանը նկատեց, որ այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ այս մթնոլորտում եւ ընդամենը 12 օր տեւող ընտրարշավով եւ ռեյտինգային ընտրահամակարգով այլ կերպ չէր կարող լիներ:
Ռուբիկ Հակոբյանն իր հերթին համաձայնելով Վահե Հոփվհաննիսյանի հետ ցավով շեշտեց, որ այսօր գերիշխող է թշնամիներ փնտրելու ոճաբանությունը, ինչի հետեւանքով տուժում է երկիրը: Նա եւս ընդգծեց, որ առաջիկա ընտրությունների հետ որեւէ դրական հույս չի կապում, վստահություն հայտնելով, որ շատ շուտով կլինեն եւս մեկ արտահերթ ընտրություններ:
Ռազմիկ Մարտիրոսյանը խորքային վերլուծության ենթարկեց այն վիճակը, որը ունենք եւ այն իրավիճակը, որը հանգեցրեց այժմ ստեղծված մթնոլորտին:
Նա նկատեց, որ ատելության մթնոլորտն այնքան շատ էր Հայաստանում, որը բնորոշ է մեռնող հանրությանը եւ շեշտեց, որ օր առաջ պետք է ազատվել այս վիճակից:
«Երբ երիտասարդ աղջիկը խնջույք է կազմակերպում, նշելու իր առաջին կաշառքը եւ այլոք մասնակցում են այդ հավաքին, ապա մենք լրջագույն խնդիր ունենք»,- նշեց Մարտիրոսյանը:
Քննարկման մասնակիցները եւս ներկայացրին իրենց կարծիքը, նաեւ հարցեր ուղղելով բանախոսներին: Անդրադարձ եղավ նաեւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների ազդեցությանը Հայաստանին եւ ՀՀ արտաքին քաղաքականությանը, որը Ռուբիկ Հոկոբյանի բնորոշմամբ՝ մտահոգիչ է:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշեց, որ շատ շուտով ունենալու ենք մի խորհրդարան եւ կառավարություն, որը բախվելու է Արցախի խնդրի, կոռուպցիայի նոր դրսեւորումների եւ ներքին բախումներին:
Արմեն Հովհաննիսյանը իր հերթին նշեց, որ մեծ թվով իրական քաղաքական ուժեր, քաղաքական ուժեր անիմաստ են համարում մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին: Նա նաեւ խոսեց առկա խնդիրների, պետության առջեւ ծառացած մարտահրավերներին
Մանրամասները՝ քիչ անց:
Աննա Բաղդասարյան
Top-News.am