Ստամբուլում տաքսու վարորդը կողոպտել է բրազիլացի զբոսաշրջիկներին ու դուրս նետել նրանց մեքենայից. (տեսանյութ)
Ստամբուլի Բեյօղլու շրջանում թուրք վարորդը կողոպտել է բրազիլացի ամուսիններին ու լքել նրանց ճանապարհի մեջտեղում, գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:
Բրազիլացի զույգը Թաքսիմ հրապարակից տաքսի է նստել ու խնդրել տանել իրենց Քարաքյոյ թաղամասում գտնվող իրենց հյուրանոց: Վարորդը նախ ճանապարհի կեսից տեղեկացրել է զբոսաշրջիկներին, որ հերթափոխը պետք է հանձնի ու ճանապարհից մեկ այլ տղամարդու է վերցրել՝ ասելով, որ նա մյուս հերթափոխի վարորդն է:
Ավելի ուշ բրազիլացի ամուսիններին տարել են Քարաքյոյի բոլորովին այլ հյուրանոց: Երբ զբոսաշրջիկներն առարկել են՝ ասելով, որ դա իրենց հյուրանոցը չէ, վարորդը սկսել է վիճել նրանց հետ, ինչից հետո ուղևորները որոշել են դուրս գալ ու փոխել տաքսին: Ամուսինը 50 թուրքական լիրա է վճարել վարորդին, վերջինս հայտարարել է, որ դա քիչ է ու նորից վեճի բռնվել նրանց հետ:
Ի վերջո, վարորդը խլել է բրազիլացուց և՛ գումարը, և՛ դրամապանակն ու անսպասելի սկսել արագ քշել՝ դուրս նետելով տղամարդուն մեքենայից:
Ամուսինները դեպքից հետո անհապաղ դիմել են ոստիկանություն, ինչից հետո վարորդը գտնվել ու ձերբակալվել է: Դատարանը որպես նախնական խափանման միջոց ընտրել է կալանքը: