Էրդողանը քննադատել է Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների սահմանումը:
Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը, Թուրքիայի ղեկավարը նշել է, որ ամերիկյան պատժամիջոցները չեն խանգարի, որ իրենք շարունակեն գազ ու նավթ գնել հարևան Իրանից:
«Ճիշտ չեմ համարում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Մենք միանշանակ չենք ենթարկվի նման արգելքին: Մենք Իրանից տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազ ենք գնում: Այս պատժամիջոցները դեմ են նաև միջազգային իրավունքին ու դիվանագիտությանը: Մենք չենք ցանկանում ապրել իմպերիալիստական աշխարհում»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ Միացյալ Նահանգների՝ Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները բացառության կարգով չեն տարածվի 8 երկրի վրա, որոնց թվում է ներքին սպառման նավթի և գազի զգալի մասը հարևան Իրանից գնող Թուրքիան: