Բաքուն եւ Երեւանը Ղարաբաղի հարցով երկխոսությունը բարձր մակարդակում շարունակելու սկզբունքային ցանկություն ունեն
Ղարաբաղում շփման գծում, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին իրավիճակը «համեմատաբար կայունացել է», կարծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր մեր այցը մոտենում է ավարտին, մենք եղանք Երեւանում, Լեռնային Ղարաբաղում, այժմ Բաքվում ենք: Մենք հանդիպեցինք Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի, Ադրբեջանի նախագահի հետ, երկու երկրների պաշտպանության նախարարների հետ: Շուտով հանդիպում ունենք Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Ուշադրության կենտրոնում են Լեռնային Ղարաբաղի գործընթացի հետ կապված հարցերը: Մասնավորապես, մենք քննարկել ենք Դուշանբեում երկու երկրների ղեկավարի միջեւ համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել եւ այժմ իրականացվում են: Ես նկատի ունեմ շփման գծում, սահմանին իրավիճակը, որը համեմատաբար կայունացել է, խոսել են կապի գծի մասին, որը հաստատվել է Երեւանի եւ Բաքվի միջեւ» — լրագրողներին ասել է Պոպովը:
Նրա խոսքով, Բաքուն եւ Երեւանը Ղարաբաղի հարցով երկխոսությունը ամենաբարձր մակարդակում շարունակելու սկզբունքային ցանկություն ունեն:
«Հուսով ենք, որ հաջորդ ամիս կկայանա երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը, որում կքննարկվեն կարգավորման առացքային հարցերը եւ վստահության ամրապնդման այն միջոցները, որոնք կարող են կիրառվել՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, եւ հաշվի առնելով երկու երկրների ղեկավարների միջեւ հարաբերությունները: Սկզբունքորեն, մենք հասկացանք, որ երկխոսությունն ամենաբարձր մակարդակով շարունակելու ցանկություն կա», — ասել է Պոպովը: