Լայն հնարավորություններ առնետավազքի սիրահարների համար
Ազգային Ժողովն իրավունքի ուժով ազատ արձակվեց՝ Փաշինյանի հրաժարականից հետո երկրորդ անգամ վարչապետ չընտրելու պատճառով։ Այնուհետև նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Դրանք տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։
Եվ այսպես, գնում ենք արտահերթ ընտրության․ ընդ որում, դա անում ենք շնչակտուր՝ առանց հաշվի առնելու ստեղծված իրավիճակի ողջ ռիսկերն ու վտանգները՝ ընտրական օրենսգրքի չկայացած փոփոխություններից մինչև ապատիկ քաղաքական դաշտի առկայություն։
Իհարկե, ստեղծված իրավիճակը միանգամայն ձեռնտու է կառավարող ուժին․ չկան քաղաքական մրցակիցներ, քվեարությունը ռեյտինգային համակարգով է, իշխանությունն ունի ընտրողների ստվար զանգվածի գործուն աջակցությունը․ մի խոսքով՝ կանխատեսելի իրավիճակ է։
Ռեյտինգային ընտրակարգի մասով․ ընտրական գործող օրենսգրքով ընտրությունների գնալը նշանակում է օգտվել իշխանության պահպանման ՀՀԿ-ական մեթոդներից։ Եթե ընտրություններում լինելու է ռեյտինգային համակարգ, ապա բազմաթիվ վառ անհատականություններ զրկված են լինելու խորհրդարան մտնելու հնարավորությունից։
Փոխարենը, անսահմանափակ հնարավորություններ են բացվում առնետավազքի սիրահարների համար, որոնց համար կուսակցությունից կուսակցություն թռչկոտելը օրվա կուրսի հարց է։
Ամենացավալին այն է, որ այս տեսակով է համալրված լինելու խորհրդարանը: Տեսակ, որի համար կարևորը կերակրատաշտին մոտ լինելն է: Այս տեսակը պայմանականորեն կարելի է բաժանել երկու ենթախմբի
ա. Մշտապես իշխանությունում մնացողներ
բ. Օրերս իրենց մեջ այդ ձիրքը հայտնաբերածներ
Առաջին ենթախմբում նրանք են, ովքեր արդեն երկար, շատ երկար տարիներ օգտվում էին ՀՀԿ-ի հովանուց և ընդամենը վայրկյանների ընթացքում «հանուն հայ ազգի» դարձան նիկոլականներ:
Երկրորդ ենթախմբում նրանք են, ովքեր մի քանի ամսում հասցրին սիրել իշխանությունում գտնվելու հաճույքը և ամեն ինչ անում են երկու ոտքով այնտեղ տեղավորվելու համար, այդ ճանապարհին ուրանալով այն քաղաքական ուժին եւ գործչին, որոնց օգնությամբ «մարդ» էին դարձել:
Ընդ որում, այս պրոցեսն արդեն մեկնարկել է։ Արդյունքում, ստացվում է՝ այս հեղափոխությունն ընդամենը իշխանափոխություն էր և ՀՀԿ անվանումը պարզապես փոխարինվեց ՔՊ-ով: Ինչպես ասում են՝ մենք սխալ էինք, իսկ Ջուլիանին՝ ճիշտ:
Եթե «հինը» մերժելով գալիս ես իշխանության, ուրեմն ամեն գնով պետք է պայքարես անցյալի սխալները չկրկնելու համար։ Իսկ ի՞նչ են անում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը:
Հաշվի առնելով անցած ամիսներին վարած քաղաքականությունը՝ կարող ենք պնդել, որ առայժմ կատարվող ցանկացած քայլ արվում է միայն իշխանությունն ամրապնդելու և պահպանելու համար, այլ հեռանկար և մոտեցում առ այսօր չի եղել։ Այլապես, ինչպես բացատրել հինգ րոպեում մարդկանց փողոց դուրս բերելու ունակ քաղաքական գործչի ակնհայտ «պարտությունը» Ընտրական նոր օրենսգրքի ընդունման մասով։
Ինչպե՞ս բացատրենք ընտրովի արդարադատությունը, տնտեսական տխուր ցուցանիշները, զարգացման ծրագրի (գոնե գրավոր մակարդակում) բացակայությունը և այլն։
Ամբողջ հարցն այստեղ այն է նաև, թե ինչպիսի՞ Խորհրդարան են ցանկանում ձևավորել Փաշինյանն ու իր թիմը, տարբերվելո՞ւ է արդյոք այն նախորդից և ինչպե՞ս է տարբերվելու։
Ամենայն հավանականությամբ առաջիկա Խորհրդարանում ստիպված ենք լինելու հանդուրժել ազոյաններին Աննայի ընկերուհու և բարեկամների բալիկներին իր այդպիսի այլ անձանց, ովքեր համարում են, որ իրենց գույնը պակասում էր անցած Խորհրդարանում։
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am