Ամենայն հայոց Սիլվան
Հետաքրքիր, բայց եւ միաժամանակ տարօրինակ ժամանակներ են: Հայտնվել է մի կին, որ «օրումեջ» իրավապահներին հայտնում է, թե այս կամ այն պաշտոնյային, այս կամ այն գործարարին բազմամիլիոն դոլարների կաշառք է տվել:
Նրա ցուցմունքի հիման վրա քրեական գործեր են հարուցվում, մարդիկ են զրկվում ազատությունից, բայց «ամենայն հայոց» Սիլվան, նույն ինքը Սիլվա Համբարձումյանը ֆռֆռում է ազատության մեջ, ժպիտը դեմքին պատմում, թե ինչպես է միլիոնավոր դոլարների կաշառք տվել:
Շաբաթներ առաջ մենք անդրադարձել էինք այս խնդրին, որից հետո ոմանց թվացել էր, թե մեր նպատակը հերքելն է, թե նման բան չի եղել կամ այլ ինչ որ մութ նպատակներ ենք հետապնդում: Իրականում մենք ընդամենը մի հարցադրում ենք անում՝ ինչո՞ւ է ազատության մեջ կաշառք տվողը:
Այս կինն ինքնակամ խոստովանում է, թե հսկայական կաշառքներ է բաժանել: Նրա խոսքը հիմք ընդունելով քրեական գործեր են հարուցվում, բայց կաշառք տվողն ազատության մեջ է, ավելի, նրան քրեական պատասխանատվության չեն ենթարկում:
Որքան տեղյակ ենք, Հայաստանում կաշառք տալը եւս քրեորեն պատժելի արարք է: Այսուհանդերձ, տիկին Սիլվան ժպիտը դեմքին լրատվամիջոցներին եւ իրավապահներին պատմում է տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող կաշառքների մասին:
Կարծում ենք, որ իրավապահներին պետք է հետաքրքրի, թե որտեղի՞ց այս կնոջն այսքան գումար, որ կաշառքիւ համար էլ մի կլորիկ գումար է առանձնացնում:
Մի խոսքով, իսկապես, հարցերը բավական շատ են, բայց հստակ է միայն այն, որ Սիլվա Համբարձումյանը կարծես իրեն այնքան վստահ է զգում, որ ամեն վայրկյան կարող է հայտարարել, թե կաշառք է տվել նաեւ X-ին, Y-ին կամ Z-ին:
Հիշեցնենք մեկ անգամ եւս, որ Սիլվա Համբարձումյանը պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում: Լրատվամիջոցներից մեկը նույնիսկ գրել է, թե Սիլվա Համբարձումյանը արաբ մի շեյխից հաջողացրել է «քցել» մոտ տասը միլիոն դալար:
Իրոք, տարօրինակ եւ հետաքրքիր ժամանակներ են:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am