Forbes-ը նշել է շոու–բիզնեսի ամենից բարձր վարձատրվող «հանգուցյալների» անունները
Forbes ամսագիրը հրապարակել է այն երգիչների տարեկան վարկանիշային աղյուսակը, որոնց աշխատանքները իրավահաջորդներին առավել մեծ եկամուտ են բերում կատարողների մահից հետո։
Ցուցակում առաջատարը Մայքլ Ջեքսոնն է, որի տարեկան «եկամուտը» 400 միլիոն դոլար է կազմում։
Երկրորդ տեղում Էլվիս Փրեսլին է։ Չնայած երաժշտի ալբոմների ունեցած մեծ պահանջարկին, նրա մահից հետո առավել մեծ եկամուտ է բերում Գրեյսլանդ կալվածքը, որը զբոսաշրջային վայր է դարձել։ Այդպես Փրեսլին մեկ տարվա ընթացքում 40 միլիոն դոլար է «վաստակել»։
Երրորդ տեղում ամերիկյան գոլֆիստ Առնոլդ Փալմերն է. մարզիկի՝ բրենդի վերածված անունը ամեն տարի 35 միլիոն դոլար է բերում նրան։
Ցուցակի հնգյակը եզրափակում է ծաղրանկարիչ Չարլզ Շուլցը՝ 34 միլիոն «եկամուտով» և Բոբ Մարլին՝ 23 միլիոնով։
Վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում են հայտնվել ամերիկյան մանկագիր Դոկտոր Սյուզը, Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները, Մերիլին Մոնրոն, Փրինսը և Ջոն Լենոնը։