Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով ուղևորափոխադրումը կսկսվի 2019 թվականին
«Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերությունը նախատեսում է 2019 թվականի երրորդ եռամսյակում սկսել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով ուղևորափոխադրումները: Այդ մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Գործընթացը կսկսվի, սակայն այն բանից հետո, երբ «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերությունն ուղևորատար վագոններ ձեռք բերի շվեյցարական Stadler ընկերությունից:
«2019թ. երրորդ եռամսյակում նախատեսվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղով կազմակերպել ուղևորափոխադրումներ: Այդ նպատակով նախատեսվում է 2019թ առաջին եռամսյակում շվեյցարական Stadler ընկերության կողմից արտադրված 20 նոր վագոնների փուլ առ փուլ ներկրում Ադրբեջան: Վագոններն արտադրվել են նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Ադրբեջանի երկաթուղու» տվյալներով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործման մեկնարկից ի վեր մինչև տարեվերջ տեղափոխվել է մինչև 3000 բեռնարկղ և վագոն: Այս երկաթուղով հիմնականում տեղափոխվում են շինարարական նյութեր, էլեկտրական սարքավորումներ, լվացող միջոցներ, հացահատիկ և ապրանքներ Չինաստանից, Կենտրոնական Ասիայի երկրներից, ՌԴ-ից, Ադրբեջանից, Թուրքիայից և հակառակ ուղղությամբ:
Մեկ միլիոն ուղևոր, 6,5 միլիոն տոննա բեռ. այսպիսին է ԲԹԿ-ի տարեկան թողունակության հնարավորությունը: Նախատեսվում է հետագա տարիներին ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները մի քանի անգամ ավելացնել:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառուցվել է վրաց-ադրբեջանա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա: Երկաթուղու բացման արարողությունը տեղի է ունեցել 2017 թ. հոկտեմբերի 30-ին: