Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ հռչակագիր են ընդունել, որում անդրադարձել են նաև Արցախի հակամարտությանը
Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները՝ Մոհամադ Ջավադ Զարիֆը, Մևլութ Չավուշօղլուն ու Էլմար Մամեդյարովը, այսօր Ստամբուլում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հռչակագիր են ընդունել, որում անդրադարձ է կատարվում նաև Արցախի հիմնախնդրին:
Ինչպես փոխանցում է «Интерфакс-Азербайджан»-ը, հռչակագրում, ի թիվս այլնի, ընդգծված է բոլոր հակամարտությունների՝ «խաղաղ ճանապարհով ու միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու տարածքային ամբողջականությունը պահպանելով կարգավորման անհրաժեշտությունը»: Հատուկ ընդգծվել է արցախյան հակամարտության՝ տվյալ սկզբունքների հիման վրա կարգավորման կարևորությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին էլ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների 7-րդ եռակողմ հանդիպմանը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուն, անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, հայտարարել է, որ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որ հարցը լուծվի Ադրբեջանի օգտին»: