Ո՞վ ասաց, որ ռեյտինգայինը մեզ այսօր ձեռք է տալիս. ձայն բերող գործընկերներն այլեւս մեր խմբակցության հետ չեն. Աշոտյան
Ով ասաց, որ ռեյտինգային ընտրակարգն այսօր մեզ ձեռք է տալիս: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որը քննարկվում է Ազգային ժողովում:
Նա նկատեց, որ ՀՀԿ-ի խմբակցության կարծիքի հետ չհամաձայնող պատգամավորների ճնշող մեծամասնությունը ռեյտինգայինով են ընտրվել. «Հիմա նրանք մեզ հետ չեն, ո՞վ ասաց, որ ռեյտինգայինը մեզ հիմա ձեռք է տալիս: Մեզ հիմնական ձայն բերող գործընկերներին այլեւս խմբակցության հետ կապել հնարավոր չէ»,-ասաց Աշոտյանը:
Նա չպատասխանեց հարցին, թե ՀՀԿ-ն կմասնակցի՞ արդյոք ԱԺ արտահերթ ընտրություններին, եթե Ընտրական օրենսգիրքը փոխվի. «Հորդորում եմ համբերել այսօր ՀՀԿ խմբակցության պաշտոնական տեսակետը պատեհ պահին կներկայացնի խմբակցության ղեկավարը»:
Աշոտյանը հայտարարեց, որ գոնե վերջին 6 ամսում իրենք իրենց չեն կեղծել. «Ցավում եմ, որ մեր որոշ գործընկերներ բաներ են ասում, որոնց իրենք էլ չեն հավատում: Գուցե մեզ են նմանակում, բայց շատ արագ սովորեցին նման բաները: Մի կեղծեք ձեզ, մեր իշխանության տապալման պատճառներից մեկը նաեւ դա էր, երբ ասում էինք երբեմն բներ, որոնց հետ հոգու խորքում համաձայն չէինք»:
Աշոտյանը նաեւ աբսուրդի ժանրից համարեց խոսակցությունները, ըստ որոնց Ընտրական օրենսգրքով 4-րդ ուժի համար տեղ են հատկացնում, նաեւ շեմը իջեցնում են 2 տոկոսի ՀՀԿ-ի համար:
Նշենք, որ ԱԺ-ն քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Կառավարությունն առաջարկել է, որ այն քննարկվի 24-ամյա ռեժիմում, սակայն ավելի ուշ համաձայնեցին քննարկումն իրականացնել 72-ժամյա ռեժիմում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am