Ձեր հարցը լուծողը ես չեմ. տրանսպորտի նախարարի պաշտոնակատարը՝ ցուցարարներին
Ձեր հարցը լուծողը ես չեմ, օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը: Այս մասին Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա իրականացնող «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ հանդիպմանն ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով լուծման միակ տարբերակը Ազգային ժողովի կողմից օրենքում փոփոխություններ կատարելն է, ինչը ժամանակատար է:
«Օրենքն այս պահին արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը: Կառավարությունը չի կարող օրենքը չեղարկել, ԱԺ-ն պետք է փոփոխություններ մտցնի օրենքում, բայց հիմա որևէ ընթացակարգ չկա»,- նշեց նա:
Բացի ժամանակային առումով խնդրից, Հակոբ Արշակյանի խոսքով՝ աջ ղեկով մեքենաների արգելքի վերացմանը դեմ են ոստիկանության, ԱԻՆ-ը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:
«Ես ինքս շատ լավ հետևել եմ այս շարժմանը: Եղել է օրենք, որն արգելել է և՛ ներմուծելը, և՛ շահագործելը, և՛ վաճառք անելը, ընդ որում՝ և՛ գոյություն ունեցող, և՛ նոր մեքենաների: Այդ օրենքը լուրջ հակազդեցություն է ունեցել և ես ինքս ասել եմ, որ պետք չէ աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելել և արգելել, որ նա վաճառի: Հանվել են այս դրույթները, միայն մի դրույթ է մնացել, որ արգելեն այս մեքենաների ներմուծումը:
Այո, սկզբնական շրջանում եղել է նաև «հոկտեմբերի 1» եզրույթը: Ես շատ եմ ուզում, որ ձեր խնդիրը լուծվի: Երկրորդ՝ ես ասում եմ այն, ինչը կա, ես չեմ ասում այս որոշման հետ համաձայն եմ, նրա՝ ոչ: Եղել է գրած հոկտեմբերի 1, հետո դա հանվել է, բայց ժամանակավոր արգելքը Ձեզ մոտ հարցեր չի՞ առաջացրել, ես, օրինակ, կհետևի»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Հիշեցնենք, որ 2018 թ. հունվարի 18-ին կառավարության որոշմամբ արգելվեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը: Սկզբում հայտարարվել էր, որ այս օրենքն ընդունվել է ժամանակավոր՝ մինչև հոկտեմբերի 1-ը, և վարորդներն արդեն գնել էին մեքենաներ, որ հոկտեմբերի 1-ից հետո արդեն աջ ղեկով մեքենաները ներկրեին Հայաստան։
Այժմ մոտ 150 մեքենա կանգնած է սահմանում, իսկ ավելի քան 2000 նոր գնված մեքենաներ Վրաստանում են: Օրեր առաջ աջ ղեկով մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները, անհատները բողոքի ակցիա էին իրականացրել Բագրատաշենի անցակետում: