«Ոչ մի դեպքում չի կարելի չեղարկել այն». Գորբաչովը` միջուկային զինաթափման մասին պայմանագրի մասին
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը մեկնաբանել է Ռուսաստանի հետ կնքած Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու ձգտումը՝ նկատելով, որ այդպիսով Վաշինգտոնը ցանկանում է հետքայլ անել միջուկային զինաթափման քաղաքականության հարցում, գրում է vesti.ru-ն:
Գորբաչովի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն ի չիք կանի այն բոլոր ջանքերը, որոնք ժամանակին գործադրել են ԽՍՀՄ և Միացյալ Նահանգների ղեկավարները միջուկային զինաթափման հասնելու համար:
«Ոչ մի դեպքում չի կարելի չեղարկել զինաթափման վերաբերյալ նախկինում կնքված համաձայնագրերը: Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից հրաժարումը սխալ է»,-հայտարարել է ԽՍՀՄ վերջին նախագահը:
Ստեղծված իրավիճակում քաղաքական գործիչը դիմել է Վաշինգտոնին՝ կոչ անելով հրաժարվել «միջուկային զինաթափման վերաբերյալ պայմանագրերն ու համաձայնագրերը չկատարելու հիվանդությունից»:
Բացի այդ, Գորբաչովը կոչ է արել ԱՄՆ-ի ղեկավարությանը հաշվի նստել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ համաձայնագրերի ու պայմանագրերի կատարման վերաբեյալ կոչին:
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս կգա 1987թ. ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից:
Փորձագետներն ահազանգել են, որ ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում կսկսվի 1980-ական թվականներից ի վեր միջուկային սպառազինության ոլորտում ամենալուրջ ճգնաժամը:
Հայտնի է, որ պատմական համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պարտավորվել են ոչնչացնել գործողության միջին և փոքր շառավղով բալիստիկ ու թևավոր հրթիռներն ու այլևս չզբաղվել դրանց արտադրությամբ:
«Այնուհանդերձ, մենք ստիպված կլինենք արտադրել այդ զենքերը: Մենք պատրաստվում ենք չեղարկել համաձայնագիրն ու դուրս գալ դրանից»,- հայտարարել էր Թրամփը Նևադայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը, նշել է, որ հետևանքներն «աղետալի» կլինեն: Այս մասին պաշտոնյան գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Դա կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ն կկարողանա գործողության մինչև 5.500 կմ շառավղով հրթիռներ տեղակայել Լեհաստանում ու Մերձբալթյան երկրներում՝ սպառնալիք ներկայացնելով Ռուսաստանի համար: Մարդկությանը լիակատար քաոս է սպառնում միջուկային սպառազինության ոլորտում»,- գրել է Կոսաչովը: