Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին. Մոսկվան արձագանքել է
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս կգա 1987թ. ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրից:
Ինչպես նշում է The Guardian-ը, փորձագետներն ահազանգել են, որ ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում կսկսվի 1980-ական թվականներից ի վեր միջուկային սպառազինության ոլորտում ամենալուրջ ճգնաժամը:
Հայտնի է, որ պատմական համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պարտավորվել են ոչնչացնել գործողության միջին և փոքր շառավղով բալիստիկ ու թևավոր հրթիռներն ու այլևս չզբաղվել դրանց արտադրությամբ:
«Այնուհանդերձ, մենք ստիպված կլինենք արտադրել այդ զենքները: Մենք պատրաստվում ենք չեղարկել համաձայնագիրն ու դուրս գալ դրանից»,- հայտարարել է Թրամփը Նևադայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Բրիտանական պարբերականը նշում է, որ նախագահին նման քայլի է դրդում ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որի կարծիքով՝ ԱՄՆ-ն անպայման պետք է լքի համաձայնագիրը:
Մինչդեռ gazeta.ru-ն հավելում է, որ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը, նշել է, որ հետևանքներն «աղետալի» կլինեն: Այս մասին պաշտոնյան գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Դա կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ն կկարողանա գործողության մինչև 5.500 կմ շառավղով հրթիռներ տեղակայել Լեհաստանում ու Մերձբալթյան երկրներում՝ սպառնալիք ներկայացնելով Ռուսաստանի համար: Մարդկությանը լիակատար քաոս է սպառնում միջուկային սպառազինության ոլորտում»,- գրել է Կոսաչովը: