Թբիլիսիում կանեփի օրինականացմանը նվիրված փառատոնի ժամանակ ձերբակալել են Վրաստանի նախագահի թեկնածուին
Թբիլիսիի կենտրոնական «Դեդաենա» այգում անցկացվող կանեփի օրինականացմանը նվիրված փառատոնի ժամանակ, որը կազմակերպել է «Գիրչի» քաղաքական կենտրոն ընդդիմադիր ուժը, ձերբակալել են կուսակցության առաջնորդներից մեկին՝ նախագահի թեկնածու Զուրաբ Ջապարիձեին:
Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ հիշեցնելով, որ նախկինում Ջապարիձեն դեմ է հանդես եկել Վրաստանում մարիխուանա ծխելու արգելք սահմանելուն:
Բացելով փառատոնը՝ քաղաքական գործիչը գրպանից 3 ծխախոտ է հանել, որոնք, իր խոսքով, մարիխուանայով են լցված եղել, և բաժանել է ներկաներին:
Միևնույն ժամանակ խոսքն ուղղելով հավաքվածներին՝ Ջապարիձեն հայտարարել է, որ իր գործողությունները հակաօրինական են և ինքն «սպասում է իրավապահ մարմինների արձագանքին»:
Րոպեներ անց նրան են մոտեցել ոստիկանության աշխատակիցները, որից հետո բախում է տեղի ունեցել նրանց և Ջապարիձեի կողմնակիցների միջև, ինչի արդյունքում մոտ 10 մարդ ձերբակալվել է:
Նախագահի թեկնածուին նույնպես նստեցրել են պարեկային ծառայության մեքենան և տարել անհայտ ուղղությամբ: