Որքան կնստի «Անցումային արդարադատությունը» մեր գրպանների վրա
«Ազատ միտք եւ ազատ խոսք» հկ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ, որի թեման անցումային արդարադատությունն էր, իր տեսակետը հայտնեց նաեւ ՀՀ սոցապ նախկին նախարար, սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանը:
Նա անցումային արդարադատությանն անդրադարձավ սոցիոլոգիական տեսանկյունից։
Ըստ բանախոսի, անցումային արդարադատությունը կարող է այնպիսի ակնկալիքներ, սպասելիքներ առաջացնել հանրության շրջանում, որոնք չեն համապատասխանելու իրականության հետ։
«Կան մի շարք մոդելներ և դեռևս հստակ չէ, թե ո՛ր մոդելն է Հայաստանում ներդրվելու։ Ընդամենն ունենք հայտարարություն և հիմնվում ենք այդ հայտարարության վրա։ Եթե Հայաստանն արդեն ընտրեր մոդելը, ապա շատ հստակ կարելի էր նաև սոցիոլոգիական ուսումնասիրության առումով տեսնել նաև հետևանքները, թե ինչպիսի հետևանքներ կարող են առաջանալ։Եվ քանի որ եղավ միայն հայտարարություն՝ առանց հստակեցնելու մոդելը, հասարակության շրջանում գլխավորող դարձավ արդարադատություն բառը, իսկ անցումային բառն իրեն բացարձակապես չհետաքրքրեց։ Այս առումով, գաղափարը կարող է առաջացնել որոշակի սպասելիքներ և ակնկալիքներ, որոնք չեն համապատասխանելու իրականության հետ»,- նկատեց Ռազմիկ Մարտիրոսյանը՝ հարցադրում հնչեցնելով, թե որքա՞ն կարժենա անցումային արդարադատությունը Հայաստանի բյուջեի վրա, արդյոք ունե՞նք նման մի հաշվարկ։
Ըստ Ռ․ Մարտիրոսյանի՝ այս հարցը խորը ուսումնասիրություն է պահանջում, որի հետևանքները պետք է անպայման կշռել, քանի որ ավելորդ սպասելիքները բերելու են հիասթափության և նոր դժգոհությունների։
Top-News.am