Ինչպես հնարավորինս արագ ազատվել անպատասխան սիրուց (լուսանկարներ)
Սերն, ինչ խոսք, գեղեցիկ զգացում է, որի մասին երազում են շատերը: Սակայն երբ այն լինում է միակողմանի՝ «կոտրված սիրտ» արտահայտությունը դառնում է ավելի քան իրական:
Եթե չկարողանանք այդ ժամանակ ղեկավարել սեփական զգացումները, կարող ենք ոչ միայն ընկճախտի մեջ հայտնվել, այլև լրջորեն վնասել մեր առողջությունը:
AdMe.ru-ն առաջարկում է չտխրել ու ծանոթանալ հոգեբանների մի քանի խորհրդի, որոնք կօգնեն առավել արագ վերադառնալ իրական կյանք:
Որքան քիչ դուք հանդիպեք ձեզ ցավեցրած անձին, այդքան արագ ձեր զգացմունքները նրա նկատմամբ կսկսեն նահանջ ապրել: Շատ կարևոր է նաև բացառել զանգերն ու նամակագրությունները սոցցանցերում, որոնք ընկերության պատրանք են ստեղծում:
Երբ մենք սիրահարված ենք՝ մեր սիրո օբյեկտը մեր կողմից ընկալվում է որպես լավագույնն ու իդեալականը, իսկ նրա կողմից մերժվելը մեր մեջ ձևավորում է թերարժեքության բարդույթ:
Պետք է հիշել, որ նա իրականում սովորական մարդ է՝ իր բոլոր թերություններով հանդերձ: Իսկ եթե չզլանաք ու կազմեք նաև նրա բացասական կողմերի ցանկը՝ ավելի լավ:
Լուսանկարներ, նվերներ, համատեղ գնումներ կամ ցանկացած բան, որ կարող է հիշեցնել ձեզ նրա մասին… Վերջ, այդ ամենը պետք է վերացնել ձեր շրջապատից. նետել, վաճառել կամ նվիրաբերել կարիքավորներին: Նույնը վերաբերում է այդ անձի հետ ձեր այցելած վայրերին, որոնք պարբերաբար հիշեցնելու են ձեզ նրա մասին:
Շատ կարևոր է լցնել ձեր ազատ ժամանակը. մարդու մասին առավել քիչ մտածելու համար փորձեք պլանավորել ձեր օրը կետ առ կետ. աշխատանք, տնային գործեր, հանդիպումներ հարազատների ու ընկերների հետ, հոբբի, ընթերցանություն, կինոդիտումներ: Այս ժամանակացույցում չպետք է ժամանակ մնա ինքներդ ձեզ խղճալու համար:
Բացի այդ՝ նպատակներ դրեք ձեր առաջ և փորձեք ամեն գնով հասնել դրանց: Այս ամիս թող դա լինի գրասենյակի լավագույն աշխատող դառնալը կամ հրաշալի արձակուրդ մեկնելն ու բոլորովին նոր մշակույթի հետ ծանոթանալը: Եթե դուք ձեզ շրջապատեք նոր ծանոթություններով ու վառ հույզերով՝ հոգևոր տառապանքները տեղի կտան:
Դժբախտ սերը շատ ստեղծագործ մարդկանց համար խթան է հանդիսանում հանճարեղ գործեր ստեղծելու համար: Ձեր մտածմունքները ստեղծագործ հարթակ տեղափոխելը բավականին արդյունավետ կարող է լինել. փորձեք գիրք գրել, հեղինակել գեղանկար կամ երգ:
Մի՛ խուսափեք այն մարդկանցից, որոնք ձեր հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում, հրավիրում ձեզ հանդիպումների կամ հաճոյախոսում: Գնացեք, շփվեք ու ժամանակ անցկացրեք նրանց հետ, հմայիչ լինելու զգացողությունը կարող է ստիպել ձեզ կրկին հավատալ սեփական ուժերին: Սակայն մի՛ մոռացեք, որ չարժի նոր լուրջ հարաբերություններ սկսել, քանի դեռ հին սերն ամբողջովին չի մոռացվել:
Գիտնականներն ապացուցել են, որ անհաջող սիրային փորձառություն ունեցած մարդիկ անցնում են սթրեսային երկու հիմնական փուլերով. նախ նրանց օրգանիզմում կտրուկ բարձրանում է դոֆամինի մակարդակը, որը հակասական զգացողությունների պատճառ կարող է դառնալ՝ բարկությունից մինչև մելանխոլիա: Իսկ դրանից հետո վրա է հասնում երկրորդ՝ ընկճախտի փուլը: Ամեն մարդ չէ, որ կարող է միայնակ գլուխ հանել այդ իրավիճակից, հաճախ պրոֆեսիոնալ հոգեբանի դիմելն իսկապես անհրաժեշտություն է: