Կոլեկտիվ անպատասխանատվություն կամ անլուրջ վերաբերվելու հետևանքները
Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարություները Ղարաբաղյան հակամարտության և Ամուլսարի հանքի շահագործման մասով մեծ քննարկումների տեղիք են տվել։
Այն, որ Միլսի հայտարարությունը խորը վերլուծության և Հայաստանի համար որոշակի քաղաքական մոտեցումների վերանայման անհրաժեշտություն է առաջացնում, պարզ է և քննարկման մեկ այլ թեմա։ Մեզ անհանգստացնողն այս պարագայում լայն հանրության և իրենց «լուրջ ու խելացի» համարող գործիչների արձագանքն է ԱՄՆ դեսպանի բարձրացրած հարցադրումներին։
Ամենատարբեր քննարկման հարթակներում փորձ է արվում «հանգստացնել» հանրությանն այն թեզով, թե «լուրջ մի վերաբերվեք հեռացող դեսպանի խոսքերին»։
Հետաքրքիր է՝ այդ նույն մարդիկ նո՞ւյնն են ասելու, երբ Ղարաբաղյան ճակատում հանկարծ պատերազմ սկսվի, ասելու են լուրջ մի՞ վերաբերվեք։ Ինչպե՞ս կարելի է լուրջ չվերաբերվել աշխարհում քաղաքականություն թելադրող երկրի դեսպանի հայտարարությանը, այն էլ այն պարագայում, երբ դեսպանները ոչ մի բառ անգամ առանց հիմքի ու կշռադատության երբեք չեն ասում։
Ի՞նչ է նշանակում «լուրջ մի վերաբերվեք», որքա՞ն ժամանակ եք պատրաստվում թոզ փչել հանրության աչքերին։ Մի՞թե կարելի է այսքան կտրված լինել իրականությունից։ Այս ի՞նչ մեծամտություն է, այս ի՞նչ ցինիզմ է։ Ո՞ւմ ասածներին լուրջ վերաբերվենք՝ Սփյուռքի նախարարի, թե՞ ԿԳ նախարարի կամ գուցե Սյունիքի կամ Արմավիր մարզպետների:
Նույն վերաբերմունքն էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նկատառմանը, թե Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասով, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի:
Նիկոլ Փաշինյանն անձամբ արձագանքեց այս հայտարարությանը՝ շեշտելով, որ սա նոր իրավիճակ է, բոլորս պետք է այդ իրավիճակին ադապտացվենք, այդ թվում՝ Ռուսաստանի մեր գործընկերները, այդ թվում՝ մենք, այնպես որ, ամեն ինչ նորմալ է։
Իսկ երբ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասաց, թե Հայաստանում դեռ թեժ է, նույն Փաշինյանը հեգնանքով ասաց՝ այո, նա ճիշտ է, այսօր լավ շոգ է:
Եթե մեր երկրի ղեկավարությունը անլուրջ ու քամահրանքով է մոտենում երկու հզոր պետությունների հորդորներին, ապա սա լավ վերջաբան չի կարող խոստանալ։
Անպայման կգա այն օրը, երբ իրենք էլ կսկսեն մեզ անլուրջ ու քամահրանքով վերաբերվել՝ իրենից բխող բոլոր հետևանքներով, այնպես, ինչպես 1920 թվականին արեցին ամերիկացիները, անգլիացիները, ռուսները եւ անգամ թուրքերը:
Չի՛ կարելի խաղալ աշխարհում քաղաքականություն, պատերազմ և խաղաղություն թելադրող երկրների հետ, պարզապես չի՛ կարելի։ Գոնե այս տարրական պարզ կանոնը փորձեն հասկանալ մեր հարգարժան պետական այրերը, քանի դեռ ուշ չէ։
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am