Աջ ղեկով մեքենա ներկրողների բողոքի ակցիա՝ Բագրատաշենում
Բագրատաշենի անցակետում վաղ առավոտից աջ ղեկով ավտոմեքենա ներկրողները բողոքի ակցիա են իրականացնում. նրանք կառավարությունից ակնկալում են ներմուծման արգելքի վերացում:
Ցուցարարները համաձայն չեն այն պատճառաբանությանը, թե աջ ղեկով մեքենաներն ավելի վտանգավոր են, քան ձախ ղեկով ավտոմեքենաները. «Օրինակ՝ նախկինում աջ ղեկով «Նիսան տիդա» մեքենա կարող էիր ունենալ մոտ 3000 դոլարի սահմաններում, մաքսազերծման ծախսերը ներառած, և այդ 3000 դոլարի սահմաններում կարող ես ունենալ 1998-1999 թվականների «Օպել» կամ «Մերսեդես»՝ Գերմանիայից կամ, թեկուզ, Ռուսաստանից «07», որոնք ավելի վտանգավոր են և հագեցած չեն տարբեր համակարգերով»,- նշեց ներկրողներից մեկը:
Ներկրողները կարծում են, որ որոշումը կապված է ոչ թե անվտանգության, այլ օիգարխների բիզնեսների ավելացման հետ:
Ցուցարար ներկրողներից մեկն էլ նշեց, որ ամեն մեքենա էլ վտանգ է ներկայացնում՝ անկախ այն բանից՝ աջ թե ձախ ղեկով. «Հիմա ի՞նչ վերլուծություն կա, որտեղ գրված լինի, որ այս կամ այն վթարը աջ ղեկով մեքենայով է եղել, կամ ով է մեղավոր եղել: Հիմա ԱՄՆ-ից որ ներմուծում են ջարդված մեքենաներ ու էստեղ վերանորոգում, դա ավելի ապահո՞վ է»: