Հայաստանը գնում է դեպի հերթական քաղաքական մոնոպոլիայի ձևավորում
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում կիսվել է իր կանխատեսումներով` կապված դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ:
Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ այս պահին արտահերթ ընտրությունների գնալու անհրաժեշտություն բնավ չկար, իսկ նման պայմաններում կարճ ժամանակ անց երկիրը կհանգի նոր քաղաքական ճգնաժամի:
«Ես ենթադրում եմ, որ արդեն մեկ-երկու տարուց կգերիշխեն խոսակցություններն այն մասին, որ նոր խորհրդարանը չի արտացոլում հասարակության մեջ առկա իրական տրամադրություններն ու ընտրված է ոչ լեգիտիմ կերպով, քանի որ նախորդը լուծարվել է աննախադեպ ճնշման տակ», - ասել է Քոչարյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ ժամանակ խոսակցություններ կսկսվեն նոր ընտրությունների անհրաժեշտության մասին:
Ըստ նրա՝ նման նախադեպերն ունեն երկարատև բացասական հետևանքներ, ինչից անհրաժեշտ է հնարավորինս խուսափել:
Երկրորդ նախագահը նշում է, որ արտահերթ ընտրությունների անցկացման օբյեկտիվ պատճառներ չկային:
«Խորհրդարանը քվեարկում էր կառավարության գրեթե բոլոր օրինագծերի օգտին: Ավելին՝ նրանք հայտարարեցին, որ պատրաստ են գործել նույնկերպ: Այսինքն՝ գործող կառավարության աշխատանքում խոչընդոտ չկար: Այստեղ առկա էր Փաշինյանի՝ իշխանությունը կոնսոլիդացնելու և իր պոպուլյարության գագաթնակետին հաջողությունն ամրապնդելու ակնհայտ ցանկություն», - ասել է ՀՀ երկրորդ նախագահը:
Նրա կարծիքով՝ քաղաքական գործչի համար դա ճիշտ մարտավարական քայլ է, սակայն պետական գործչի համար՝ ռազմավարական սխալ:
«Պետք է կողմնորոշվել, թե որ խմբին ես դու պատկանում», - նշել է Քոչարյանը:
Նա նաև հայտարարել է, որ այժմ Հայաստանը գնում է դեպի նոր քաղաքական մոնոպոլիայի ձևավորում, ինչի դեմ ի սկզբանե հենց ուղղված էր «Թավշյա հեղափոխությունը»:
«Վատ է, իհարկե, որ մենք կունենանք միահեծան խորհրդարան: Այսօրվա հարցումները ցույց են տալիս, որ երկիրը գնում է դեպի հերթական քաղաքական մոնոպոլիայի ձևավորում: Իսկ դա հենց այն է, ինչի դեմ ծագեց ու ինչի դեմ ուղղված էր «Թավշյա հեղափոխությունը» Հայաստանում: Այդ իսկ պատճառով, ես կարծում եմ, որ տեղի ունեցողը կասկածելի է երկարաժամկետ պետական շահերի տեսանկյունից», - նշել է Քոչարյանը: