Իսկ շոուն դեռ շարունակվում է
Նիկոլ Փաշինյանը Արմավիրում մասնակցել է քաղաքապետի թեկնածուի քարոզարշավին՝ իր հերթական էմոցիոնալ, բոցաշունչ ելույթով՝ կոչ անելով արմավիրցիներին քաղաքապետի առաջիկա ընտրություններում ձայն տալ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցչին։
Ժամանակին վարչապետի ներկայիս պաշտոնակատարը հրապարակավ մեղադրում էր նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին՝ բացարձակ իշխանություն ձևավորելու և օրենքներն «իր հագով կարելու» մեջ։
Իսկ ի՞նչ է անում ինքը՝ Նիկոլ Փաշինյանն այսօր․
․ Փորձում է իր բացարձակ իշխանությունը տարածել ամենուր՝ անձամբ մասնակցելով քարոզարշավների և «ընդդիմադիր» կեցվածքով բոցաշունչ ելույթներ ունենալ՝ մոռանալով, որ այդ իշխանությունն արդեն 5 ամիս է ինքն է, իսկ հինգ ամիսը առարկայական քայլերի համար քիչ ժամանակ չէ։
․ Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ «հակահեղափոխությունն» էր իրեն խանգարում, այսօր Ազգային Ժողովն է, և նա շուտով այդ հարցն էլ կլուծի։ Այսինքն, կազատվի միակ հակակշիռ լծակից՝ Ազգային Ժողովից։
․ Դատելով՝ գործողությունների տրամաբանությունից՝ կարելի է ենթադրել, որ առաջիկայում սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը գյուղեր, բակեր՝ համայնքապետերի քարոզարշավներին մասնակցելու համար։ Հրաշալի կառավարման մեթոդ է, ինչ խոսք։
Գերազանց տնտեսական քաղաքականություն՝ հիմնված լոկ բոցաշունչ ելույթների վրա, որից կարող են նույնիսկ եվրոպական առաջադեմ երկրները օրինակ վերցնել․․․․
Փաստացի, վարչապետի ներկայիս պաշտոնակատարը զբաղված է նույն գործով, ինչում անձամբ էր մեղադրում նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին։ Նա գնում է բացարձակ մենիշխանություն ստեղծելու ճանապարհով և այդ ճանապարհին իր թիմը չի էլ թաքցնում, որ իրենք կարիք չունեն ընդդիմության՝ իրենք և՛ ընդդիմություն են և՛ իշխանություն։
Նիկոլ Փաշինյանին շատ քիչ է հետաքրքրում, որ արդեն 5 ամիս երկրի ղեկին է ու այս ընթացքում որևէ առարկայական, լուրջ քայլ չի արվել, ոչ մի լուրջ ներդրում չի արվել Հայաստանում։ Իր կառավարության ներկայացրած բյուջեում գրեթե ոչ մի լուրջ փոփոխություններ չկան, ոչ մի դրական հույս ներշնչող մոտեցում չկա։ Ավելին, երկիրը գնում է նոր պարտքեր կուտակելու ճանապարհով՝ մեծացնելով արտաքին պարտքը։
Նիկոլ Փաշինյանը, ցավոք, այդպես էլ «փողոցային» պայքարողից չդարձավ պետական գործիչ, նա, լինելով, իշխանություն, առ այսօր հաճույքով մասնակցում է հանրահավաքների և ընդդիմադիր ելույթներ ունենում։
Հասարակությանը, սակայն, հնարավոր չէ երկար ժամանակ կերակրել սին և սուր ելույթներով։ Եթե կոնկրետ առարկայական քայլեր չեղան, նույնիսկ ամենաամուր իշխանության ստեղծումը չի փրկելու Փաշինյանին և իր թիմին։
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am