Խիստ տարօրինակ և անհեթեթ նշանակումներ՝ հրաժարականից առաջ
Նիկոլ Փաշինյանի կողմից նախարարական և մարզպետական վերջին նշանակումները մեծ դժգոհությունների և քննարկման տեղիք են տվել հանրության մեջ։ Պարզվում է՝ այդ նշանակումների մեջ կան ոչ միայն նախկին ռեժիմի հետ սերտ առնչություն ունեցող անձինք, այլև նոր իշխանությունների հետ քավոր-սանիկական կապեր ունեցողներ։
Իրենց «մաքուր» և դրական անցյալով չեն փայլում ո՛չ նորանշանակ գյուղնախարարը ո՛չ էլ Սյունիքի մարզպետը։ Հատկապես իրավապաշտպաններն են վրդովվել Հայաստանի նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումից, ով դեռ «Էլեկտրիկ Երևանի» ակցիաների ժամանակ հայտնի էր իր դաժան ցուցումներով։
Իսկ ահա նորանշանակ նախարարներ Ֆելիքս Ցոլակյանի (Արտակարգ իրավիճակների նախարարություն) ու Գարեգին Բաղրամյանի (Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն) անունները կապվում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։
Մասնավորապես, մամուլում արդեն տեղեկատվություն է տարածվել, որ Գարեգին Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, իսկ Ցոլակյանը՝ Վանեցյանի քավորը։
Զավեշտալին այն է, որ, ըստ մամուլում շրջանառվող նույն լուրերի, Բաղրամյանը ոչ մի կապ չունի էներգետիկայի հետ, նա վերջին 15 տարիներին աշխատել է ՀԾԿՀ-ում և եղել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի «նալոգ հավաքողը»: Ուսումնասիրեք նրա հայտարարագիրը և կհամոզվեք, թե որքան ջանադրաբար է այդ գործն արել:
Հրաժարականից առաջ Նիկոլ Փաշինյանի նմանօրինակ նշանակումները, ինչ խոսք, խիստ տարօրինակ են և նաև՝ յուրօրինակ մեսիջ հանրությանը։ Արդյոք հանրությունը պատրա՞ստ է երկրորդ անգամ «նույն գետը մտնելու» և կհանդուրժի՞ արդյոք այս ոչ կոմպետենտ նշանակումները, ցույց կտան միայն առաջիկա Խորհրդարանական արտահերթ ընտրությունները։
Անհեթեթ և ակնհայտ ծաղրական երանգ ունեցող այս նշանակումների ֆոնին հատկապես՝ առաջիկա արտահերթ ընտրությունները հասարակության համար յուրօրինակ քննություն են։ Միայն ընտրություններից հետո պարզ կդառնա, թե ինչ դասեր ենք քաղել Երևանի քաղաքապետի ընտրություններից և դրան հաջորդած այս անհեթեթ նշանակումներից։ Միայն ընտրություններից հետո պարզ կդառնա՝ ունենք հասարակություն, որը կուրորեն, առանց հարցեր տալու աջակցում է իր առաջնորդին, թե՞ քաղաքացիներ, ովքեր սթափ են և ունակ են համապատասխան տրամաբանական եզրահանգումներ անելու ստեղծված իրավիճակում։
Այստեղ, սակայն, շատ կարևոր մի բայց կա․ որպեսզի հասարակության այս յուրատեսակ քննությունը լիարժեք լինի և արտահայտի ամբողջ պատկերը, մենք առաջիկա ընտրություններում պետք է ունենանք իրական հակակշիռ քաղաքական ուժ։ Ուժ, որը իրական այլընտրանք կդառնա ներկա քաղաքական դատարկության մեջ, ոչ մի կապ չի ունենա նախորդների հետ և կլինի միանգամայն նոր, թարմ, գործուն գաղափարների կրող։ Իսկ երբ այդպիսի հակակշիռ այլընտրանքային ուժ չկա դաշտում, գործող նոր իշխանությունների համար միշտ էլ կանաչ լույս է լինելու՝ ընդգծված մեծամասնության բարձր հովանավորությամբ։
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am