Transparency-ին պահանջում է քրեական գործ հարուցել Մերկելի կուսակցի դեմ՝ Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Կոռուպցիայի դեմ պայքարող հեղինակավոր Transparency International
կազմակերպությունը դիմել է Բեռլինի դատախազություն՝ պահանջելով քրեական
գործ հարուցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակից,
Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Քարին Շտրենցի դեմ և զրկել
նրան պատգամավորական անձեռնմխելիությունից՝ Ադրբեջանից կաշառք ստանալու
կասկածանքով:
Բունդեսթագի պատգամավորը վաղուց է հայտնվել աղմկահարույց սկանդալի
կիզակետում․ ամիսներ առաջ դեռ Եվրոպայի խորհրդի փորձագետներն էին անկախ
հետաքննություն անցկացրել և մի շարք փաստեր բացահայտել Ալիևի վարչակազմի
հետ նրա սերտ կապերի ու Բաքվից ստացած թանկարժեք նվերների մասին: Այս տարվա
ապրիլին հրապարակված ծավալուն՝ ավելի քան 200 էջանոց զեկույցը փաստել էր՝
Ադրբեջանի պատվիրակները բազմիցս կաշառել են եվրոպացի տասնյակ
պատգամավորների, այդ թվում Շտրենցին՝ Ալիևի վարչակազմին քննադատող
բանաձևերը արգելափակելու, Բաքվին ձեռնտու որոշումներ ընդունելու համար:
Ըստ այդ հետաքննության, Ադրբեջանից Ստրասբուրգ էին հոսել խավիարներ,
թանկարժեք խմիչքներ ու զարդեր, որոշ պատգամավորների անգամ առաջարկվել էր
արձակուրդն անցկացնել Բաքվի շքեղ հյուրանոցներում ու օգտվել թեթևաբարո
աղջիկների ծառայություններից՝ Ադրբեջանի բյուջեի հաշվին:
Կոռուպցիոն այս պատմության «հերոսներին» ԵԽԽՎ-ն ցմահ զրկել է Եվրոպայի
խորհուրդ մտնելու իրավունքից, Նախարարների կոմիտեն էլ պահանջել է կառույցի
անդամ երկրներից փաստերը հետաքննել ազգային մակարդակով և պատժել
մեղավորներին:
«Այդ հետաքննությունը արդեն իսկ բավարար հիմքեր է տվել Կարին Շտրենցի
կոռումպացվածության վերաբերյալ հիմնավոր կասկածների համար», - Deutsche
Welle-ին ասել է Transparency International-ի գործադիր մարմնի անդամ
Վոլֆգանգ Վոդարգը՝ տարակուսելով, որ մինչև հիմա Գերմանիայի իրավապահները
քայլեր չեն ձեռնարկել վերջինիս պատասխանատվության կանչելու համար:
Շտրինցը, ով եղել է Բունդեսթագի՝ Հարավային Կովկասի հետ բարեկամության
հանձնաժողովի նախագահը, բազմիցս է աչքի ընկել Ալիևի վարչակազմի հետ սերտ
կապերով, իր անձնական ինտերնետային կայքում հրապարակել լուսանկարներ՝
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, շնորհավորական ուղերձներ՝ նրա ծննդյան
օրվա կապակցությամբ, ինչպես նաև հարցազրույցներ՝ Ադրբեջանի տարածքային
ամբողջականությունը պաշտպանելու և Ղարաբաղի անկախությունը դատապարտելու
վերաբերյալ:
Տիկին Շտրենցը նաև միակ գերմանացի պատգամավորն էր Եվրոպայի խորհրդում,
ով 2015-ին դեմ էր քվեարկել բանաձևին, որը պահանջում էր Բաքվից անհապաղ
ազատ արձակել քաղբանտարկյալներին: Այդ տարիներին, ըստ հետաքննող
լրագրողների ու եվրախորհրդարանի փորձագետների, Շտրինցը ավելի քան 20 հազար
եվրո է ստացել մի կազմակերպությունից, որը քարոզչություն է իրականացրել
Ադրբեջանի օգտին, ինչպես նաև ամուսնու անունով գրանցել է մեկ այլ
խորհրդատվական ընկերություն, որն ըստ հաղորդումների, ծառայություններ է
մատուցել Բաքվին ու ֆինանսավորում ստացել Ադրբեջանից:
Որոշ վկայությունների համաձայն, Ադրբեջանի խորհրդարանական
ընտրությունները դիտարկելու նպատակով 2015-ին մեկնելով Բաքու՝ Շտրենցը հարկ
չէր համարել այցելել գոնե մեկ ընտրատեղամաս, փոխարենը ժամանակ էր գտել
նախագահ Իլհամ Ալիևի ընդունելությանն արժանանալու համար:
«Չի կարելի թույլ տալ, որ լոբբիստները այլասերեն մեր
ժողովրդավարությունը, և դա անհետևանք մնա Գերմանիայում», - Deutsche
Welle-ի հետ զրույցում ընդգծել է Transparency International-ի
ներկայացուցիչը՝ ընդգծելով՝ փաստերն ակնհայտ են, և գերմանացի իրավապահները
կարող էին վաղուց արդեն քայլեր ձեռնարկել՝ առանց մեր դիմումին սպասելու:
Բեռլինի դատախազությունը իրականում, հետաքրքրվել է Շտրենցի
գործունեությամբ, սակայն, ի վերջո գերմանացի իրավապահները եզրակացրել են,
թե կասկածները հիմնավոր չեն՝ Բունդեսթագի պատգամավորի դեմ քրեական գործ
հարուցելու համար: Հիմա նրանք ստիպված են վերադառնալ այդ գործին, այս
անգամ՝ միջազգային կազմակերպության պահանջով: Ի դեպ, դատախազությունից բացի
գերմանացի պատգամավորին կարող է պատասխանատվության կանչել նաև
Բունդեսթագը: Deutsche Welle-ի հաղորդմամբ, Շտրինցի դեմ խորհրդարանում
արդեն քննություն է սկսվել՝ եկամուտների աղբյուրները թաքցնելու,
Բունդեսթագի պատգամավորի էթիկական նորմերը խախտելու մեղադրանքով, որն ըստ
քննությունը վարողների, անհետևանք չի մնա: