Համաշխարհային բանկը պարզել է՝ որքան մարդ է աշխարհում ապրում օրական 5,5 դոլարից պակաս գումարով
Երկիր մոլորակի բնակչության գրեթե կեսը՝ 46%-ը, կամ 3,4 մլրդ մարդ, պայքարում է հիմնական պահանջները բավարարելու համար և ապրում օրական 5,5 դոլարից էլ պակաս գումարով: Այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի երկամյա զեկույցում, որը նվիրված է աղքատության խնդրին, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Այսօր նշվում է Աղքատության դեմ պայքարի միջազգային օրը, ինչի առիթով էլ ՀԲ-ն հրապարակել է այս զեկույցը, որը բնութագրում է իրավիճակը 2015 թվականի դրությամբ:
«Ավելի քան 1,9 մլրդ մարդ, կամ աշխարհի բնակչության 26,2%-ը 2015 թվականին ապրել է օրական 3,2 դոլարից էլ պակաս գումարով»,- ասվում է զեկույցում:
Ըստ ՀԲ-ի՝ աղքատության խնդիրը նախկինի պես պահպանվում է, իսկ դրա կրճատման տեմպերը դանդաղել են:
Զեկույցում նշվում է, որ ամենաարագ տեմպերով խնդրի դեմ պայքարում են Արևելյան Ասիան ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, որտեղ 2010-2015 թվականներին 40% աղքատ բնակչության եկամուտը միջինն աճել է 4,7%-ով:
Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայի շատ երկրներում նկատվել է աղքատ բնակչության եկամուտների աճի դանդաղում: Միևնույն ժամանակ, այս շրջանում դիտարկվում է աղքատության շեմից ցածր ապրող բնակչության ամենացածր տոկոսը: