Արարատում գնացքը բախվել է ցեմենտ տեղափոխող բեռնատարին
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 9-ին, ժամը 13:17-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Արարատ» կայարանի մոտակայքում գնացքը բախվել է բեռնատարին:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրաքարշը Երասխ-Արարատ Պիկետ 1-ի մոտակայքում (557-րդ կմ) բախվել է «MAN» մակնիշի 947 NMS 123 համարանիշի կցորդիչով բեռնատարին (վարորդ՝ 29-ամյա Էդվարդ Մ.), տուժածներ չկան:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, MAN մակնիշի ավտոմեքենայի կցորդը, որում բարձված է եղել մոտ 30 տոննա ցեմենտ, պոկվել եւ ընկել է գնացքի գծերի վրա, իսկ MAN-ի առջեւի մասն էլ պոկվել եւ հայտնվել է գծերի հարեւանությամբ՝ լճակի մեջ։ Վթարի հետեւանքով MAN-ի վարորդը տեղի բնակիչների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ մինչ կժամանեին Արարատի հիվանդանոցի բժիշկները, քաղաքացիներն իրենց ուժերով օգնություն են ցուցաբերել, որից հետո նրան տեղափոխել են Արարատի հիվանդանոց։
Այս պահին սպասում են, որպեսզի վթարի վայր ժամանեն հատուկ մասնագետները, որպեսզի երկաթգծի վրայից հեռացվի 30 տոննանոց ցեմենտը, ինչից հետո երթեւեկությունը կվերականգվի նշված հատվածում։
Լուրեր Հայաստանից - NEWS.am