Վրաստանի նախագահը դեմ է արտահանման նպատակով երկրում մարիխուանայի արտադրությանը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր համար անընդունելի է համարում երկրում որևէ տեսակի թմրանյութի արտադրությունն ու արտահանումը:
Հրավիրած մամուլի ասուլիսում նա համոզմունք է հայտնել, որ թմրամիջոցներ արտադրողի իմիջը միջազգային ասպարեզում շատ կվնասի Վրաստանին: Նրա համար անհասկանալի է նաև հարցի շուրջ առաջացած աղմուկը:
«Հանրությունը գիտի, և ես նույնպես դա չեմ թաքցնում, որ թմրանյութերի օգտագործման հարցում չեզոք եմ: Համաներում եմ շնորհել թմրանյութ օգտագործելու համար ճաղերի հետևում հայտնված մի խումբ քաղաքացիների, քանի որ չեմ կարծում, որ նրանք հանցանք են կատարել: Սակայն բացարձակ անընդունելի եմ համարում Վրաստանում թմրանյութերի արտադրությունն ու արտահանումը»,-հայտարարել է Մարգվելաշվիլին:
Հիշեցնենք, որ վերջերս ՍԴ-ի կողմից մարիխուանայի օրինականացումից հետո օրինագիծ էր ներկայացվել խորհրդարան, որը ենթադրում էր բժշկական և արտադրական նպատակներով Վրաստանից մարիխուանայի արտահանում: Հարցի շուրջ բարձրացված աղմուկի պատճառով քննարկումները հետաձգվել են 2 ամսով: