Գիտնականները ծրագիր են ստեղծել, որը բժիշկներից ավելի լավ է ախտորոշում ընկճախտը
Փենի անվան թվային առողջության բժշկական
կենտրոնի ամերիկացի գիտնականները հրապարակել են հետազոտության
արդյունքները, որի ընթացքում վերլուծել են Facebook-ի 683 օգտատերերի
անձնական էջերի տվյալները։ Գիտափորձի մասնակիցներից 114-ի մոտ «ընկճախտ» է
ախտորոշվել։
Նշվում է, որ ծրագիրը թույլ է տալիս մարդու Facebook–ի անձնական էջում
«լեզվաբանական մարկերներ» տեսնել։ Դրանք կարող են վկայել օգտատիրոջ մոտ
ընկճախտի առկայության մասին։ Ընդ որում, ախտորոշումը միջինում երեք ամիս
ավելի շուտ է դրվում, քան դա անում են բժիշկները։
Դեպրեսիան հայտնաբերող մարկերների թվում այնպիսի բառեր են առանձնացնում, ինչպիսիք են «միայնակ», «արցունքներ» և այլն։
Ալգորիթմն ուշադրություն է դարձնում նաև գրառումների երկարության և օգտատիրոջ կողմից օգտագործվող դերանունների վրա։
«Կարծիք կա, թե սոցցանցերը բացասաբար են անդրադառնում հոգեկան
առողջության վրա։ Սակայն սոցցանցերը կարող են կարևոր գործիք հանդիսանալ
ախտորոշման, մշտադիտարկման և վերջապես՝ բուժման համար»,– հետազոտության
հեղինակի խոսքերն է մեջբերում Independent պարբերականը։