«Վերաբերմունքս Թուրքիայի հանդեպ հիմա շատ դրական է, երկու օր առաջ այդպես չէր». Թրամփ
Ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումից հետո թուրք-ամերիկյան լարված հարաբերություններում ջերմացման նշաններ են ի հայտ գալիս:
Սպիտակ տան ղեկավարը, թեև դեռ չի խոսում Անկարայի դեմ սահմանված
պատժամիջոցները վերացնելու մասին, սակայն հրապարակավ հայտարարում է՝ փոխել է
կարծիքը Թուրքիայի վերաբերյալ:
«Մենք որևէ բան չենք խոստացել Թուրքիային, մենք գործարքի չենք գնում
գերիներին կամ բանտարկյալներին ազատ արձակելու համար: Սակայն, պետք է ասեմ,
որ ես հիմա շատ եմ փոխել կարծիքս Թուրքիայի մասին, վերաբերմունքս շատ
տարբեր է այն զգացողությունից, որ ունեի երկու օր առաջ, հիմա շատ դրական է,
երկու օր առաջ այդպես չէր», - ասել է Թրամփը:
Մինչև վերջերս, քանի դեռ թուրքական դատարանը կալանքի տակ էր պահում
ամերիկացի հոգևորականին, Թրամփը հարցազրույցներում ու թվիթերյան իր
գրառումներում սուր քննադատում էր Էրդողանի վարչակազմը:
«Թուրքիան չարաշահել է Միացյալ Նահանգների վստահությունը», - օգոստոսին
հայտարարել էր Սպիտակ տան ղեկավարը, ինչից մի քանի օր անց արդեն Վաշինգտոնը
պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ՝ էական հարված հասցնելով այդ
երկրի տնտեսությանը:
Ամերիկյան լրատվամիջոցները պնդում են՝ Միացյալ Նահանգների նախագահը պատրաստ
է եղել ավելի հեռուն գալ։ Ըստ ABC -ի աղբյուրների, Վաշինգտոնը լրջորեն
քննարկել է Թուրքիայից դիվանագիտական ողջ անձնակազմը դուրս բերելու հարցը:
Հեռուստաընկերության հետ զրույցում պետդեպարտամենտի բարձրաստիճան
պաշտոնյաները, անանուն մնալու պայմանով, պատմել են, որ այդ ծրագիրը բուռն
քննարկվել է ամերիկյան էլիտայում, նույնիսկ որոշված է եղել, որ գործընթացն
իրականացվելու է երկու ամսում՝ Թուրքիայի տարածքը լքելու էին նախ ամերիկացի
բարձրաստիճան դիվանագետները, ապա՝ դեսպանատան շարքային աշխատողները:
«Մի պահ անգամ վախ կար, որ Թուրքիայի հետ հարաբերությունները
ծայրահեղորեն կխզվեն», - ասել է պետդեպարտամենտի պաշտոնյան՝ հավելելով, որ
քննարկման սեղանին է եղել նաև թուրք պաշտոնյաների ու գործարարների նկատմամբ
շատ ավելի խիստ սահմանափակումներ մտցնելու հարցը:
«Թուրքերը տեղյակ էին, որ ամերիկյան ողջ վարչակազմը՝ վերից վար,
զայրացած է, և եթե Էրդողանը Բրանսոնին օրեր առաջ ազատ չարձակեր, այդ
զայրույթը դուրս էր հորդելու: Պատժամիջոցներ, սահմանափակումներ,
դիվանագետների հետկանչ՝ ամեն ինչ էլ քննարկվում էր»,- ABC-ին ասել է
պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:
Թուրքական դատարանը, որ ավելի քան երկուսուկես տարի ազատազրկման մեջ էր
պահում պաստորին՝ լրտեսության ու ահաբեկչության մեղադրանքով, անցած
շաբաթավերջին նրան ազատ արձակեց ու թույլ տվեց վերադառնալ հայրենիք:
Նախագահ Դոնալդ Թրամփը Բրանսոնին անձամբ ընդունեց՝ Սպիտակ տանը:
«Թուրքական բանտից՝ Օվալաձև սենյակ՝ 24 ժամում, վատ չէ», - նկատել էր
Միացյալ Նահանգների առաջնորդը:
Թուրքիայի նախագահը, ի դեպ, շարունակում է պնդել, թե Բրանսոնի ազատ
արձակման հետ ինքը որևէ կապ չունի, քանի որ Թուրքիայում դատարաններն ազատ
են, արդարադատությունն՝ անկախ: