Մենք ամեն ինչ գիտենք, մենք ամեն ինչ կարող ենք, մեզ ընդդիմություն պետք չէ
Երկրում սկիզբ առած քաղաքական զարթոնքի էյֆորիկ ֆոնին մենք կուտակում ենք բազմաթիվ կորսված հնարավորություններ։ Մեզ տրված այս բացառիկ շանսը կարող էր դառնալ աշխարհի պատմության դասագրքերում ներառվող եզակի օրինակ՝ յուրօրինակ Սինգապուր, Իսրայել կամ Ֆինլանդիա․․․
Ժամանակը, սակայն, ամեն ինչ իր տեղը դնելու բացառիկ հատկություն ունի։ Եվ որքան սառչում են բորբոքված կրքերը, այնքան ավելի է ուրվագծվում անփորձության վտանգավոր թելը։
Հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժն արդեն իսկ հասցրել է մի շարք կոպիտ սխալներ թույլ տալ և եթե սկզբում դրանք ներվում էին, ապա այժմ յուրաքանչյուր բացթողում, հատկապես եթե չափից ավելի ակնհայտ կոպիտ է, արժանանում է քննադատական մոտեցման։ Իհարկե, այդ քննադատությունները դեռ երերուն ու վախվորած են՝ համեմված լղոզված ձևակերպումներով, սակայն ժամանակն այդ հարցն էլ կլուծի։
Հիմա շատ կարևոր և, մեր կարծիքով, խիստ վտանգավոր մի թեզի մասին, որ արդեն քանի անգամ շրջանառվել է՝ ընդ որում ամենաբարձր մակարդակով։
Այսպես, նոր իշխանությունները տարբեր առիթներով արդեն հասցրել են անկեղծանալ՝ իրենց ընդդմություն պետք չէ, իրե՛նք են և՛ ընդդիմությունը և՛ իշխանությունը։
Անհանգստացնողն այն է, որ գործով ևս նույն քաղաքականությունն է տարվում․ Կառավարության նոր «զավակները» հասցրել են ազատվել գրեթե բոլոր «հին» կադրերից՝ իրենց շարքերը համալրելով անփորձ, բայց հպարտ «աստվածություններով», ովքեր համարում են, որ «չար ու նախանձ» մահկանացուներս ոչինչ չգիտենք, իսկ այդ կասկածելի արտաքինով մտավորականները, փորձագետներն ու մասնագետները կա՛մ երեսպաշտ են, կա՛մ սելֆիից բան չեն հասկանում, կա՛մ նախկին պալատականներ են։
Մի խոսքով, մերժում են բոլորին, բաց չեն ոչ մի տեսակ առողջ քննադատության առջև, պատրաստ չեն լսելու ոչ մի այլընտրանքային մոտեցում կամ առաջարկ։
Սա խիստ վտանգավոր սինդրոմ է, որ հոգեբանության մեջ «նարցիսիզմ» բնորոշումն է ստացել։ Հիշո՞ւմ եք՝ «Նարգիզի» դրամատիկ կերպարն ու ողբերգական վախճանը։
Այս սինդրոմը կրկնակի վտանագավոր ու ողբերգական հետևանքներով է լի, երբ դրա կրողները պատասխանատու պաշտոններում են և չեն գիտակցում իրավիճակի ողջ լրջությունը։
Գիտակցված, թե անգիտակցական մակարդակում նոր իշխանությունները ամեն կերպ փորձում են իրենց նույնացնել փրկչի կերպարի հետ, ինչը շատ-շատ վտանգավոր է։
Եվ վերջում՝
քանի որ մեր նորընտիր քաղաքապետը հրահանգել է ժպտալ և պոզիտիվ լինել, ուստի առաջարկում ենք, ո՛չ, պահանջո՛ւմ ենք Հրագից նոր «ստեղծագործություն»՝ «փրկչի գաղափարի» համատեքստում, բայց մի քիչ բանահյուսական ժանրի մեջ, որ հնարավորինս ժողովրդական լինի։
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am