Ո՞վ է ներողություն խնդրելու Հովիկ Աբրահամյանից
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատականող տարածքներում հայտնաբերված զենքերի փորձաքննությունն ավարտվել է, դրանք կապ չունեն «Մարտի 1»-ի իրադարձությունների հետ, համընկնում չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է հենց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Իսկ հիշո՞ւմ եք երկու ամիս առաջ ԱԱԾ-ի կողմից տարածված հատուկ ռեպորտաժը նույն զենքերի մասին: Հիշո՞ւմ եք շեշտադրումները, սարսափ կինոներում օգտագործվող երաժշտությունը: Հիշո՞ւմ եք, որ ռեպորտաժն այնպես էր կառուցված, որ միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին արդեն իսկ վստահ լինի, որ հենց այդ զենքերով են սպանվել մարտի 1-ի ողբերգության զոհերը:
Անցավ երկու ամիս: Հիմա արդեն պաշտոնապես հայտարարվեց, որ այդ զենքերը մարտի մեկի հետ որեւէ կապ չունեն: Ափսոս միայն, որ արդեն հատուկ ռեպորտաժ չպատրաստվեց եւ լայն տարածում չգտավ: Ափսոս:
Իսկ հիմա հարց է առաջանում, թե Հովիկ Աբրահամյանից, նրա ընտանիքի անդամներից, ընկերներից ո՞վ է ներողություն խնդրելու ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, թե՞ կառավարությունը:
Իսկ ներողություն խնդրել պետք է, քանի որ քիչ էր մնում հայտարարվեր, թե մարտի մեկի դիպուկահարը հենց Հովիկ Աբրահամյանն է եղել: Ե՞րբ ենք սովորելու ներողություն խնդրել թույլ տված սխալի համար: Հավատացեք, առաջ շարժվելու համար պետք է նաեւ ներողություն խնդրել սովորել:
Ի վերջո մի օր պե՞տք է ներողություն խնդրեն Ռոբերտ Քոչարյանից: Չէ որ Քոչարյանին աղմուկ աղաղակով կալանավորեցին ներկայացնելով այնպիսի անհեթեթ մեղադրանք, որ հետո վերաքննիչ դատարանը կալանքը վերացնելու որոշում կայացրեց:
Չմոռանանք նաեւ, որ առաջին ատյանի դատարանն իրեն Սահմանադրական դատարանի լիազորություններ շնորհելով որոշեց, որ Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հաստատելու մասին հրամանագիրը հակաօրինական է։ Այնինչ նման որոշում կարող էր կայացնել միայն ՍԴ-ն:
Ռոբերտ Քոչարյանին մամուլի միջոցների օգտագործմամբ եւս անհեթեթ մեղադրանքներ են ներկայացնում, այն էլ այնպիսի տոնով, թե դա բացարձակ ճշմարտություն է՝ թյուրիմացության մեջ գցելով հարյկուր հազարների:
Ի վերջո այս ամենի համար մի օր պետք է ներողություն խնդրեն ՀՀ երկրորդ նախագահից:
Պետք է ներողություն խնդրեն «ասֆալտին փռվածներից», նրանց ընտանիքի անդամներից, ՀՀ միջին վիճակագրական քաղաքացուց, որին հավատացրել էին, թե Հովիկ Աբրահամյանը հանցագործ է, Ռոբերտ Քոչարյանն ամենավտանգավոր հանցագործը, ծխախոտ արտադրողն ամենամեծ խուլիգանը եւ այսպես շարունակ:
Որքան շուտ ներողություն խնդրեն, այնքան շուտ կտեղափոխվենք կառուցողական դաշտ: Որքան շուտ ներողություն խնդրեն, այնքան շուտ կփակվի մեր պատմության ամենաէմոցիոնալ եւ էյֆորիկ փուլը եւ կսկսենք զբաղվել գործով եւ երկրի զարգացմամբ:
Ներողություն խնդրում են ոչ թե թույլերը, այլ ուժեղները:
Վարդան Մխիթարյան
Top-News.am