Այ քեզ քաղաքապետ, այ քեզ մտածողություն
Հայկ Մարությանը, որն ավելի շատ հայտնի է Կարգին Հայկո անունով, դեռ երկու օր քաղաքապետ չի աշխատել, բայց հայտնվել է սկանդալի կենտրոնում, անհեթեթ սկանդալի կենտրոնում:
Երդման արարողությունից րոպեներ անց Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասաց. «5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտից, սա ինչ-որ տեղ զարմանալի է։ Էն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էինք մի թանկացրեք, իսկ հիմա որ չի թանկանում, դա արդեն օբյեկտիվ չէ։ Ինձ թվում է, որ նախկին իշխանությունները վախենում էին տրանսպորտի գինը բարձրացնել, որ նոր ալիք չբարձրանա բողոքի։ Բայց միգուցե գինը օբյեկտիվորեն բարձրացնելու տեղ կա։ Բայց շատ կարեւոր է, որ պետք է փոխվի տրանսպորտային միջոցները»:
Հայկ Մարությանը նաեւ նշեց, որ երեւանցիների հետ միասին պետք է որոշեն տրանսպորտի գինը բարձրացնեն, թե՝ ոչ հանրաքվեների միջոցով․ «Մենք պետք է ասենք, գիտեք տրանսպորտը փոխվեց, պետք է ինքնարժեքը բարձրանա, էսքան է լինելու, մենք ուզենք, թե չուզենք, դա կոստանտ թիվ է լինելու, մենք ուզենք, թե չուզենք։ Մենք պետք է որոշենք, ավել ենք տալու, ինչ-որ մի հարց լուծենք, թե չենք ուզում տանք, որ չլուծենք»։
Եւ այս հայտարարություններից մի քանի ժամ անց նույն Հայկ Մարությանը ֆեյսբուքում գրում է.
«Սիրելի Երևանցիներ, նոր նկատեցի որ համացանցում տարածում են լուրեր, որ ես խոսել եմ տրանսպորտի թանկացման մասին:
Ես պաշտոնապես հայտարարում եմ, ինչպես և 5 տարի առաջ այնպես էլ հիմա դեմ եմ տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար:
Տրանսպորտի ինքնարժեքի բարձրացման դեպքում քաղաքը պետք է լուծի խնդիրն այնպես, որ քաղաքացիների համար սակագինը չթանկանա:
Հ.Գ. Հարգելիներս միշտ դիտեք տեսանյութը, և մի հավատացեք հոդվածների վերնագրերին:
Հ.Գ.Գ. Համոզված եղեք` ես ձեզանից մեկն եմ և միշտ ձեր կողմից եմ: Շնորհավորանքների համար շատ շնորհակալ եմ»:
Սիրելի երեւանցիներ սա էլ տեսանյութը: Դիտեք անպայման եւ փորձեք հասկանալ, թե ինչ է լինելու Երեւանի հետ, եթե դեռ պաշտոնավարման առաջին օրը Հայկ Մարությանը հերքում է ինքն իրեն: Ավելին, Հայկ Մարությանը, կարծես, դիտավորյալ թյուրիմացության մեջ է գցում երեւանցիներին: Դիտեք տեսանյութը եւ ինքնուրույն եզրահանգում արեք, որ այլեւս պահի ազդեցության տակ կամ ուրիշի ասածով քաղաքապետ չընտրեք:
Հ.Գ. Հայկ Մարության, քաղաքապետը չպետք է թաքնվի ժողովրդի հետեւում:
Հ.Գ.Գ Ընտրությունները նրա համար են, որ ընտրվածները որոշում կայացնելու համարձակություն եւ կարողություն ունենան:
Հակոբ Ասատրյան
Top-News.am