Հայկոյի եւ նրա ֆանատների Երեւանը
Չարենցը ճիշտ է՝ ինչեր ասես, որ չեն անի ամբոխները խելագարված: Նրանք նույնիսկ մայրաքաղաքի քաղաքապետ կարող են դարձնել կատագերգու միջակ դերասանին, որը քաղաքական որեւէ փորձառություն չունի, կառավարման համակարգի հետ որեւէ առնչություն չունի:
Այսօր նա արդեն քաղաքապետ է, իսկ երեկ ասում էր, թե ինչպես է կառավարելու: Ասում էր, որ իրենք ոչինչ չեն որոշելու, ասում էր, թե որոշելու են երեւանցիները: Խոսում էր հանրաքվեներից, ժողովրդի որոշումներից:
Մի պահ պատկերացրեք, թե ինչ է իրենից ներկայացնելու Հայկոյի Երեւանը:
Ամիսը մեկ երեւանցին շտապելու է մասնակցել հանրաքվեի` պատասխանելով հետեւյալ հարցերին՝
- Համաձա՞յն եք Ավանում աշխատանքից հեռացնել X մանկապարտեզի դայակ Սոնային, որը սաներից կոնֆետ է վերցրել
- Համաձա՞յն եք աշխատանքից հեռացնել էլցանցի տեսուչ Արշակին, որը կոպտել է կենսաթոշակառու, թափշյա հեղափոխության մասնակից Վալոդին
- Համաձա՞յն եք հանել երթեւեկության կանոնները եւ խաչմերուկներում տեղադրված լուսացույցերն ու տեսախցիկները
- Համաձա՞յն եք, որ Նոր Արեշի փոքրիկ զբոսայգում մի քանի ծառ տնկվի
- Համաձա՞յն եք շենքերից հանել վերելակները, քանի որ դրանք ժամկետանց են, եւ չտեղադրել նորերը, քանի որ դրա համար անհրաժեշտ գումար չկա
- Համաձա՞յն եք բոլորս միասին դուրս գանք փողոց եւ մաքրենք կուտակված աղբը
- Համաձա՞յն եք քանդել սովետական, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ կառուցված շենքերը
- Համաձա՞յն եք կառուցել մետրոպոլիտենի մի քանի կանգառ, բայց թե երբ՝ Աստված գիտի
- Համաձա՞յն եք քանդված շենքերի փոխարեն ոչինչ չկառուցել՝ դրանով իսկ լուծելով քաղաքի կանաչապատման հարցը
- Համաձա՞յն եք Երեւանն անվանափոխենք Հայկավան
Այսպիսին է լինելու Երեւանը ըստ Հայկոյի տեսլականի: Չմոռանանք, որ Հայկոն՝ Հայկ Մարությանն արդեն Երեւանի քաղաքապետն է, եւ նրա օգտին քվեարկել են տասնյակ հազարավոր երեւանցիներ, իսկ թե ինչու են քվեարկել, այդ մասին կասեն հենց իրենք, բայց հետո:
Վարդան Մխիթարյան
Top-News.am