Ինդոնեզիայում 4 մարդ է ձերբակալվել Instagram-ի միջոցով երեխա վաճառելու համար
Ինդոնեզիայի ոստիկանությունը բացահայտել ու ձերբակալել է մի շարք անձանց, որոնք հանրահայտ Instagram սոցկայքի միջոցով զբաղվել են երեխայի առքուվաճառքով:
Ինչպես նշում է The Guardian-ը, չորս ձերբակալվածի թվում են 29-ամյա երիտասարդը, որի էջն օգտագործվել է գործարքի համար, և 22-ամյա կինը, որը վաճառքի էր հանել իր երեխային: Բացի այդ, ձերբակալվել են գործարքի միջնորդն ու գնորդը: Բոլորին սպառնում է առավելագույնը 15 տարվա ազատազրկում:
Ոստիկանության փոխանցմամբ՝ իրենք թույլ չեն տվել, որ գործարքը կատարվի: Նրանք նաև մանրամասնել են, որ երիտասարդ մայրը պատրաստվում էր երեխային 1.000 դոլարով վաճառել:
Ինչ վերաբերում է տվյալ ինստագրամյան էջին, ապա այն ունի մեկ տարվա պատմություն, 700-ից ավելի հետևորդ: Այնտեղ պարբերաբար հրապարակվել են որդեգրման համար երեխաների լուսանկարներ, ինչպես նաև խորհուրդներ են տրամադրվել արտամուսնական կապի հետևանքով հղիացած կանանց: