Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաներն անմիջական կապ ունեն սաուդացի ընդդիմադիր լրագրող Խաաշկղիջիի անհետացման հետ. The Washington Post
Այս թեմայով
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը ցանկացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհայտ կորած սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Խաաշկղիջիին վերադարձնել հայրենիք, որտեղ նրան կձերբակալեին:
Ինչպես գրում է The Washington Post-ը, Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաներն անմիջական կապ ունեն արքայազնի հայտնի ընդդիմախոս համարվող Խաաշկղիջիի անհետացման հետ:
Նշվում է, որ վերջին ամիսներին ընդդիմադիր լրագրողը պարբերաբար կանչվել է Սաուդյան Արաբիա՝ բարձր վարձատրվող աշխատանքի ու անվտանգության ապահովման երաշխիքներով: Ըստ աղբյուրի՝ Խաաշկղիջին մեծ վերապահումներով է մոտեցել նման առաջարկներին:
Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ սաուդացի լրագրողը սպանվել է հյուպատոսության շենքի ներսում: Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը հերքում է սպանության վարկածն ու շարունակում պնդել, որ լրագրողը դուրս է եկել շենքից ու կորել դրանից հետո միայն:
Նախօրեին թուրքական մամուլը հրապարակել է գործով կասկածյալ համարվող Սաուդյան Արաբիայի 15 քաղաքացիների լուսանկարները, որոնք նույն օրը Սաուդյան Արաբիայից 2 տարբեր օդանավերով ժամանել են Ստամբուլ, Խաաշկղիջիի՝ հյուպատոսարան մուտքից կես ժամ առաջ մտել են հյուպատոսության շենք և մոտ մեկուկես ժամ անց դուրս եկել ու 3 տարբեր մեքենաներով հեռացել տարածքից: