ԱՄՆ-ն կպարզի, թե ինչ է տեղի ունեցել անհետացած սաուդցի լրագրող Հաշքաջիի հետ
Այս թեմայով
- Սաուդյան Արաբիայի թագավորը շտապ գագաթնաժողով է հրավիրել
- Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ը աջակցում են Սուդանի ռազմական խորհրդին
- Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաներն անմիջական կապ ունեն սաուդացի ընդդիմադիր լրագրող Խաաշկղիջիի անհետացման հետ. The Washington Post
- WP. Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ցանկանում էր գայթակղիչ առաջարկությամբ Հաշքաջիին երկիր կանչել
ԱՄՆ-ն կպարզի, թե ինչ է տեղի ունեցել անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի հետ Սաուդյան Արաբիայի դեմ հնարավոր որոշումներն ընդունելուց առաջ: Այս մասին չորեքշաբթի Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես պետք է պարզեմ, թե ինչ է տեղի ունեցել», - ասել է ԱՄՆ նախագահը՝ մեկնաբանելով անհետ կորած լրագրողի հետ կապված իրավիճակը: Նրա խոսքով, Վաշինգթոնը ուսումնասիրում է իրավիճակը:
Բացի դրանից, ինչպես նշել է Թրամփը, այլ երկրները, այդ թվում նաեւ Թուրքիայի ներկայացուցիչները, ուսումնասիրում են Հաշքաջիի անհետացումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կպազրենք ամեն ինչ», - ընդգծել է նախագահը: Սպիտակ տան ղեկավարի խոսքով, ինքը չէր ցանկանա հենց հիմա ասել, թե ինչ գործողություններ կարող է ձեռնարկել ԱՄՆ-ն:
«Շատ վաղ է», - ասել է նա:
Թրամփին հարց է տրվել, թե ինչ կլինի ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների հետ, եթե Վաշինգթոնը գա այն եզրակացության, որ Էր Ռիադը առնչություն ունի լրագրողի անհետացման հետ: Նախագահը պատասխանլ է, որ «շատ ուրախ չէր լինի» իրադարձությունների նման զարգացման դեպքում: «Դա բոլորովին լավ չէր լինի», - ասել է նա: Միեւնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ ներկա իրավիճակում ոմանք կարող են իսկապես ասել, որ այնպես է երեւում, որ կարծես Ռիադը ներգրավված է տեղի ունեցածի մեջ, բայց նախագահը հորդորել է չշտապել:
Մեկնաբանելով Կոնգրեսում օրենսդիրների առաջարկությունները՝ Հաշքաջիի հետ կապված դեպքի պատճառով դադարեցնել Սաուդյան Արաբիային զենք վաճառել, Թրամփն ասել է, որ նման քայլը կվնասի ԱՄՆ-ին:
Ըստ նրա, Միացյալ Նահանգներում լավ տնտեսական իրավիճակի պատճառներից մեկն այն է, որ Վաշինգթոնը «պաշտպանական համակարգեր» է վաճառում այլ երկրներին: «Բոլորն ուզում են դրանք, - ասել է Թրամփը, հավելելով, որ Ռիադին զենքի մատակարարումների պոտենցիալ մերժումը «դառը հաբ» կլինի ԱՄՆ-ի համար: