«ՔՊ»-ն շահագրգռված չէ, որպեսզի երկրում կայանա իրական ընդդիմություն
Երևանի ավագանի նիստի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը բառացիորեն հայտարարեց հետևյալը․ «Ես վստահեցնում եմ բոլոր այն մարդկանց, որոնք ասում են՝ ընդդիմություն չի լինելու. մեր խմբակցությունում այնպիսի մեծ ընդդիմություն կա, որ այլ ընդդիմության կարիք էլ չկա»։
Փաստացի, նորընտիր քաղաքապետը իրեն հայտնի «անկեղծությամբ» բարձրաձայնեց, թե ինչ են ընդդիմության, հակակշիռների մասին մտածում այսօր կառավարող կուսակցությունում: «Մենք ամեն ինչ ենք՝ և՛ կառավարող ուժ, և՛ ընդդիմություն»,- սա ՔՊ-ի կարգախոսերից հիմնականն է: Արտահերթ ընտրություններն էլ դեկտեմբերին նշանակելով, ՔՊ-ն մեկ անգամ ևս փաստեց, որ հակակշիռների կայացմամբ, իրական ընդդիմության ձևավորմամբ բոլորովին էլ հետաքրքրված չեն:
Սա փաստացի նշանակում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շահագրգռված չէ, որպեսզի երկրում կայանա իրական ընդդիմություն և լինի առողջ քաղաքական մթնոլորտ, ուստի քարոզչական բլոկում ամեն ինչ անելու է, որպեսզի իրեն ընկալեն և՛ ընդդիմություն և՛ իշխանություն։ Կարճ ասած՝ ամեն ինչ: Սա շատ նման է Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ շահարկված «հեղափոխական-հակահեղափոխական» թեզին, երբ, կրկին Հայկոյի միջոցով, արհեստականորեն հասարակությունը բաժանվեց «սևերի» ու «սպիտակների»։ Արդյունքում, ունեցանք 80 տոկոս քվե հավաքած կառավարող ուժ, ինչը ժողովրդավարության ոչ մի մեխանիզմի մեջ չի տեղավորվում։
Հայկ Մարությանն իր՝ «մենք ընդդիմության կարիք չունենք» թեզը հնչեցնելիս, անգամ ձևական կողմը չի փորձում պահել։ Նույնիսկ ՀՀԿ-ն, գոնե ձևական դաշտում, այս հարցում ավելի հանդուրժող էր։
Միշտ այսպես է լինում, երբ մարդիկ կոմպետենտ չեն լինում, երբ մարդիկ իրենց տեղում չեն, երբ մարդիկ հանուն նախընտրական խոստման, հանուն պոպուլիզմի պատրաստ են անգամ հին փոքրիկ վերելակները փոխարինել՝ ավելի մեծ և ժամանակակից վերելակներով, իսկ թե ինչպես են պատրաստվում մեծ վերելակը փոքր հորանի («շախտա») մեջ տեղավորել, դա հարցի մյուս՝ անլուծելի կողմն է։
Իրականում, խնդիրն այն է, որ Հայկ Մարությանը, ասելով, թե մեզ ընդդիմություն պետք չէ, արտահայտում է կառավարող ուժում իշխող տեսակետը: Սա հենց ամենամտահոգիչ փաստնյ է:
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am