Հայկ Մարությանը ստանձնեց քաղաքապետի պաշտոնը
Այսօր կայացավ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը:
Օրակարգում ընդգրկված էր հինգ հարց` ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի
ձևավորում, Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված
կազմակերպչական հարցեր, հանձնաժողովների կազմավորում, նախագահների և նրանց
տեղակալների առաջադրում և ավագանու հերթական նիստի գումարման օրվա
սահմանում:
Երևանի ավագանու առաջին նիստի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ընտրական
ցուցակի առաջին համար Հայկ Մարությանն օրենքի ուժով ստանձնեց Երևանի
քաղաքապետի պաշտոնը:
«Հիմք ընդունելով, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով
«Իմ քայլը» դաշինքը ստացել է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին,
ուստի Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ
հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին
հորիզոնականում գտնվող Հայկ Մարությանը օրենքի ուժով համարվում է Երևանի
ընտրված քաղաքապետ», - հայտարարեց առաջին նիստը վարող Լիլիթ Պիպոյանը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավորապես ասաց․ - «Մենք բոլորս
միասին ունենք պատմական հնարավորությունի կատար ածել այն բոլոր
երազանքները, որ տարիներ շարունակ ունեինք, ի կատար ածել այն երազանքները,
որ ունեն մեր երևանցիները: Եվ ես վստահ եմ, որ ավագանու այս կազմով մենք
կանենք այնպես, որ մեր երևանցիները ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան
ժպտան: Ես կարևորում եմ այս պահը: Երևանի ավագանու կազմը ես ըստ
խմբակցությունների չեմ տարբերակում, որովհետև մենք բոլորս պետք է աշխատենք
միասին, պետք է ամեն վայրկյան մտածենք մեր քաղաքի, մեր երևանցիների մասին»:
Մարությանը ավագանու անդամներին հորդորեց միշտ ուշադիր լինել
երևանցիների խնդիրների, ահազանգերի նկատմամբ, անհապաղ արձագանքել ու
անհապաղ լուծումներ տալ:
Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը հայտնեց, որ
նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը տեղի կունենա
հոկտեմբերի 13-ին ժամը 12-ին հրավիրված Երևանի ավագանու նիստում:
Սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններում
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ստացել է Երևանի ավագանու 65
մանդատներից 57-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5 մանդատ, «Լույս»
կուսակցությունների դաշինքը՝ 3 մանդատ: