Ամերիկացին պարզել է, որ 30 տարի իր տանը պահվող քարը երկնաքարի՝ 100.000 դոլարանոց բեկոր է
ԱՄՆ Միչիգան նահանգի բնակիչը (անունը չի նշվում) ի զարմանս իրեն պարզել է, որ 10 կգ քաշով քարը, որն ինքը 30 տարի օգտագործում էր տան դուռը բաց պահելու համար, իրականում 100.000 դոլար արժողությամբ երկնաքարի բեկոր է:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, տղամարդը քարը ցույց է տվել Երկրի և մթնոլորտային գիտությունների վարչության պրոֆեսոր Մոնալիզա Սիրբեսկուին, որն էլ պարզել է, որ արտասովոր նմուշը վերերկրային ծագում ունի:
Քարի ճառագայթային հետազոտումից հետո Սիրբեսկուն հանգել է այն եզրակացությանը, որ նմուշը 88%-ով բաղկացած է երկաթից, իսկ 12%-ով՝ նիկելից (Երկրի վրա հազվադեպ հանդիպող մետաղ):
Այժմ հեղինակավոր Սմիթսոնյան թանգարանը պատրաստվում է գնել բեկորն ու այն ցուցադրության հանել: