Գերմանիայում բուլղարացի լրագրողի սպանության գործով նոր կասկածյալ է ձերբակալվել
Բուլղարացի լրագրող Վիկտորիա Մարինովայի ռեզոնանսային սպանության գործով Գերմանիայի տարածքում նոր կասկածյալ է ձերբակալվել, ուր հաջողվել էր նրան փախչել, հայտնում է բուլղարական Nova հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրին։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ կասկածյալի ԴՆԹ–ն 100 տոկոսով համընկնում է հանցագործության վայրում հայտնաբերված նյութական ապացույցներից վերցված ԴՆԹ նմուշի հետ։
Տեղի բնակիչները իրենց հերթին հայտնել են լրատվամիջոցներին, որ իրենց հայտնի է ձերբակալվածի ինքնությունը, որը ըստ եղած տվյալների 1997 թվականին ծնված երիտասարդ է։ Տեղի բնակիչները պատմել են նաեւ, որ Ռուսե քաղաքի ոստիկանությունը ժամանակավոր ձերբակալել է նրա կնոջն ու հորաքրոջը։ Այս տեղեկությունները դեռեւս ոչ մի կերպ չեն հաստատել իրավապահ մարմինները։
bTV հեռուստաալիքը նաեւ հայտնում է նոր ձերբակալվածի մասին, որը լքել էր երկրի սահմանները։ Բացի այդ, bTV–ն տեղեկացնում է, որ ոստիկանությունը խուզարկել է Ռուսե քաղաքի բնակելի տներից մեկը եւ հայտնաբերել զոհի հեռախոսը, դեռեւս անհայտ է, թե ում տունն է դա եւ կապված է նա արդյոք նոր ձերբակալվածի հետ։
Իշխանությունները դեռեւս հրաժարվում են մեկնաբանել այդ տեղեկությունները։ Սպասվում է, որ առավոտյան երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը եւ ՆԳ նախարար Մլադեն Մարինովը ճեպազրույց կանցկացնեն այդ հարցով եւ հանրությանը կհայտնեն հետաքննության նոր տվյալներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։