Միլս․ Ամուլսարի չլուծված խնդիրը կազդի Հայաստանում բիզնեսի վրա
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը անհանգստացած է Ամուլսարի ծրագրի եւ դրա հիմնական ներդրող Lydian International ընկերության շուրջ ստեղծված իրավիճակով։ Այս մասին նա ասաց Հայաստանում իր առաքելության ավարտի կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսում։
Նա հիշեցրեց, որ դա իր մեծությամբ երկրորդ ներդրումն է երկրում։ «Եթե ծրագիրն ամբողջությամբ գործի, կարող է Հայաստանում խոշորագույն հարկատուն դառնալ»,- ընդգծել է նա։
Դեսպանն ասել է, որ անհրաժեշտ է լսել Ամուլսարի հետ կապված մտավախությունները, եւ գովելի է, որ կառավարությունն այդպես էլ անում է։
Միլսը նշեց, որ մի բան է բնապահպանական խնդիրները, այլ բան՝ կոռուցիոն խնդիրները։ «Սակայն ներդրողները չեն հասկանա, եթե կառավարությունն առանց իրավական հիմքերի, միայն մի փոքր խումբ մարդկանց բողոքների, թեկուզ եւ անկեղծ բողոքների հիման վրա որոշի փակել ծրագիրը»,- ասաց նա։
Դեսպանը հայտարարեց, թե մտավախություն ունի, որ եթե այս հարցը երկարի, կազդի Հայասատանի՝ որպես բիզնես սկսելու երկրի գրավչության վրա։ «Վստահ եմ, որ եթե խնդիրն արագ եւ արդար լուծվի, Հայաստանը կշարունակի առաջընթացը»,- հավելեց Միլսը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am