Ուկրաինայի ռազմական պահեստում վայրկյանում 2-3 պայթյուն է տեղի ունենում. պահեստում գտնվում է մոտ 88.000 տոննա զինամթերք (տեսանյութ)
Ուկրաինայի Չեռնիգովի մարզում գտնվող ռազմական պահեստում պայթյունների ինտենսիվությունը կազմում է վայրկյանում 2-3 անգամ: Այդ մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբից:
Պահեստում առաջին պայթյունը, որն ուկրաինական լրատվամիջոցներն անվանում են երկրում խոշորագույններից մեկը, տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում:
Հաղորդվում է, որ պահեստում գտնվում է մոտ 88.000 տոննա զինամթերք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չեռնիգովի մարզում գտնվող ռազմական պահեստում պայթյուն է որոտացել: Միջադեպը տեղի է ունեցել Իչնյա քաղաքից ոչ հեռու՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում:
Զինանոցի տարածքը մոտ 682,6 հա է, դրա տեխնիկական տարածքը՝ 402 հա:
Պատահարի վայրից 20 կմ շառավղով դադարեցվել է գնացքների ու մեքենաների երթևեկությունը: Փակվել է նաև օդային սահմանը: