ԱՄՆ-ում նախկին զինվորականը հայտնել է, որ թունավոր սերմերով ծրարներ է ուղարկել Թրամփին ու Պուտինին
Չորեքշաբթի ԱՄՆ Լոգան քաղաքում (Յուտա նահանգ) ամերիկացին ձերբակալվել է թունավոր տզկանեփի սերմերով ծրարներ ուղարկելու հետ կապված, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ տզկանեփի սերմերից ստանում են ռիցին թունավոր նյութը: Նա իշխանություններին հայտնել է, որ դրանք ուղարկել է, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին:
Այս մասին վկայում են Յուտա նահանգի դաշնային շրջանային դատարանի էլեկտրոնային բազայի ստացած փաստաթղթերը:
Դրանցից հետեւում է, որ խոսքը Լոգանի բնակիչ Ուիլյամ Քլայդ Ալենի մասին է: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա նախկինում ծառայել է ԱՄՆ ՌԾՈՒ-ում եւ ազատվել է 2002 թվականին: Դատարանի փաստաթղթերի համաձայն՝ տղամարդու հասցեն նշված էր Թրամփին ուղարկված սերմերով ծրարի վրա: ՀԴԲ աշխատակիցները հոկտեմբերի 3-ին եկել էին Ալենի տուն, նրա տանը խուզարկություն կատարել եւ նրան հարցաքննել:
Ալենն իշխանություններին հայտնել է, որ Թրամփից բացի, այդպիսի ծրարներ է ուղարկել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսին, ՌԾՈՒ շտաբի պետ, ծովակալ Ջոն Ռիչարդսոնին եւ ՀԴԲ տնօրեն Քրիսթոֆեր Ռեյին: Նա նաեւ լուսանկարներ է ցույց տվել, որոնք իբր դա հաստատում են: Փաստաթղթերից հետեւում է, որ ամերիկացին հավաստիացրել է, թե նույնպիսի ծրարներ է ուղարկել նաեւ արդարադատության նախարարին, ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին, Ռուսաստանի նախագահին, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի թագուհուն:
Ալենն իր գործողությունները պատճառաբանել է «ուղերձ ուղարկելու» ցանկությամբ, սակայն չի պարզաբանել, թե ինչ ուղերձ: Նա հայտնել է, որ նշված բոլոր անձանց հասցեները գտել է համացանցում, այնտեղից է գնել նաեւ տզկանեփի սերմերը:
Ամերիկացուն արդեն առաջադրվել է թունավոր նյութի կիրառման սպառնալիքի մեղադրանք: Նրան կարող է սպառնալ մի քանի տասնյակ տարվա բանտարկություն:
Ալենը նախկինում արդեն հայտնվել էր իշխանությունների տեսադաշտում: 2015 թվականին նա ԿՀՎ էր ուղարկել ԱՄՆ նախագահին սպանելու սպառնալիքով նամակ, իսկ 2017 թվականին սպառնացել էր ահաբեկչություն կազմակերպել Թեխասում ԱՄՆ ՌՕՈՒ բազաներից մեկում: Երկու դեպքում էլ նրա հետ զրուցել էին իշխանությունների ներկայացուցիչները: